Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում միջադեպի համար

Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում միջադեպի համար

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյաը ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովի, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ քննարկել է հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ: ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Իր հերթին, Դավիթ Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում, կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել, ինչն առաջացրել էր տեղի բնակիչների զայրույթը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---