ԱՄՆ թուրքական լոբբին մտադիր է ընդլայնել քաղաքական ազդեցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդարձակել իրենց քաղաքական ազդեցությունը Ամերիկայում, ձգտելով այն հակադրել ամերիկացի հայերի ձեռք բերած մեծ ազդեցությանը ԱՄՆ Կոնգրեսում: Ինչպես գրում է Eurasianet-ը, նպատակաուղղված արշավը ենթադրում է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների դիրքերի ամրապնդումը, ընտրական մարմինների եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների բարելավում, ինչպես նաեւ թուրքամետ դիրքորոշում գրաված անձանց իրավական պաշտպանություն: «Իրենց երկարաժամկետ ռազմավարության մասին մի շարք թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները պատմել են Ամերիկայի թուրքական խորհրդի թուրք-ամերիկյան հարաբերությունների շուրջ կոնֆերանսի ժամանակ` «Թուրքական հանրության ամրապնդումն ու զարգացումը» խորագրով:



Ֆորումի մասնակիցները բազմաթիվ անգամներ ընգծեցին Թուրքիայի դրական ներկայացման առաջխաղացմանն աջակցելու իրենց մտադրությունը: Այդ քաղաքականությունը ուղված է թուրքական տեսակետի ներկայացմանը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային ոչնչացման հարցով, որը հայերը եւ պատմաբանների մեծամասնությունը ցեղասպանություն են համարում, իսկ թուրքերը դա համարում են մարդկանց մահ պատերազմի պատճառով»,- նշվում է հոդվածում:



«Մեր նպատակը հակահայկական, հակահունական, հակաբուլղարական կամ հակարաբական գործողությունները չեն: Մենք ձգտում ենք հավասարակշռության հասնել Թուրքիային, Հունաստանին, Հայաստանին եւ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի այլ երկրներին վերաբերող հարցերում»,- նշել է Ամերիկայի Թուրքական կոալիցիայի նախագահ Լինքոլն ՄաքՔուրդին: «Մեր նպատակն է ամրապնդել թուրքական դիրքերը 1915 թվականի իրադարձությունների 100-ամյա տարելիցի նախաշեմին»,- ընդգծել է ԱՄՆ Թուրքական կազմակերպությունների վեհաժողովի նախագահ Նուրտեն Ուրալը:



Ամեն տարի Հայոց ցեղասպանության հարցը ներկայացվում է Կոնգրեսի քննարկմանը, երբ հայամետ կոնգրեսականները փորձում են ընդունել բանաձեւը, որը այն ժամանակների իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում: Այն դեպքում երբ իրենց նպատակների առաջխաղացման հարցում հայերը հույսը դնում են սեփական ներկայացուցչական եւ լավ կազմակերպված սփյուռքի վրա ԱՄՆ-ում, թուրքերը հույսը դնում են բարձր վարձատրվող լոբբիստների վրա, որոնց վարձում է Անկարան, ինչպես նաեւ Պենտագոնի վրա, ով վաղուց ռազմական համագործակցության մեջ է Թուրքիայի հետ:



Ամերիկայի թուրքական կազմակերպությունների վեհաժողովը ամբողջ երկրով մեկ սեմինարներ է անցկացնում թուրքական ծագում ունեցող ամերիկացիների համար քաղաքական գործիչներին, ԶԼՄ-ներին եւ հանրությանը փաստեր ներկայացնելու շուրջ: «Նպատակը իր ուժերի վրա վստահ թուրքական համայնք կառուցելն է»,- նշել է Նուրտեն Ուրալը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---