Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի ՊԲ-ինը չեն

Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի ՊԲ-ինը չեն

PanARMENIAN.Net - Գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա, համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները հայտարարել են, որ այդ մեքենաները տալիս են ԵԿՄ-ին, որ օգտվեն այդ մեքենաներից», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Լևոն Մնացականյանի խոսքով` Պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում:«Դա ձեզ վստահեցնում եմ», - հայտարարել է նա:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016-ին մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենա, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով: Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10 մլն դրամին համարժեք 1,389 ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---