«Ֆրանսերենը միայն լեզու չէ` հոգեվիճակ է». «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթը հաղթող ունի

«Ֆրանսերենը միայն լեզու չէ` հոգեվիճակ է». «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթը հաղթող ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից ֆրանսերենին տիրապետողների համար նախաձեռնած Et en plus, je parle français en Arménie!` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» խորագրով տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթի հաղթողը հայտնի է. իր գիտելիքներով մրցույթի մի քանի տասնյակ մասնակիցներին գերազանցել է 23-ամյա վլոգեր, Մոսկվայի լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի շրջանավարտ Շուշաննա Գաբոյանը, ով այժմ պատրաստվում է դեպի Փարիզ ուղևորությանը:

Մրցույթի շրջանակում մասնակիցները պատրաստել են 40 վայրկյանից 1,5 րոպե տևողությամբ տեսանյութներ, որտեղ ֆրանսերենով ներկայացրել են իրենց կապը լեզվի հետ, դրա կարևորությունն իրենց կյանքում և մասնագիտական գործունեության մեջ: Առաջին փուլին հետևել են ժյուրիի հետ հարցազրույցն ու ֆեյսբուքում անցկացված հանրային քվեարկությունը: Վլոգեր Շուշաննայի արդյունքն ամենատպավորիչն էր: Ի դեպ, արդեն տևական ժամանակ է, ինչ նա YouTube-ում ֆրանսալեզու ալիք է վարում` MissASMR Français, այստեղ նրան հետևող ֆրանսիացիների մեծ բանակ կա:

«Ֆրանսիայի դեսպանատան կողմից այսպիսի մրցույթ կազմակերպելը շատ ոգևորիչ էր ֆրանսերեն սովորողների համար. մրցույթի ընթացքում ստեղծվել էր առողջ և ջերմ մթնոլորթ», - PanARMENIAN.Net ին պատմեց Շուշաննան՝ ներկայացնելով ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի հետ իրեն կապող թելերը:

Անդրադառնալով իր հաղթանակին՝ նա նշեց, որ կյանքում իրեն ոչինչ հեշտ չի տրվել, բայց «դա էլ իր դրական կողմերն ունի` հաղթանակի բերկրանքն ավելի վառ ես ապրում»:

Շուշաննան ասում է՝ ֆրանսերենը պարզապես լեզու չէ, այլև հոգեվիճակ է:

«Ամեն ինչ սկսվեց Մոսկվայում` այն պահից, երբ տեսա իմ անունը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանսերենի խմբի ցուցակում: Ես անչափ ուրախ էի, քանի որ ֆրանսերենը և ֆրանսիական ամեն ինչն ինձ շատ էր գրավում. ամեն ինչ փոխվում է, երբ խոսում ես ֆրանսերեն: Այն ազդում է քո աշխարհայացքի վրա. մի քիչ ֆրանսիացի ես դառնում»,- կիսվեց Շուշաննան:

Այժմ որպես գլխավոր մրցանակակիր նա իր առաջին այցելությանն է պատրաստվում Ֆրանսիա. ասում է՝ երազանքն իրականություն է դառնում:

«Անպայման տեսանյութեր կպատրաստեմ իմ այցելության մասին և կփորձեմ ներկայացնել Ֆրանսիայի` դեռ չբացահայտված կողմերը, ֆրանսիացիների առօրյան ու սովորույթները», - նշեց նա:

Մարտի 28-ին մեկնարկած Et en plus, je parle français en Arménie !` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթին մասնակցել են Հայաստանում բնակվող 16-35 տարեկան անձինք, ում կյանքում ֆրանսերենն ու առհասարակ ֆրանսիական մշակույթը մեծ դեր ունեն: Հայաստանում Ֆրանսայի դեսպանատան այս նախաձեռնության նպատակն է խթանել հանրության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերենի կիրառումը:

Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հունիսի 11-ին հանդիպել էին հինգ անդամից բաղկացած ժյուրիին՝ բանավոր խոսքի մրցույթի շրջանակում. եզրափակիչ էր անցել 6 թեկնածու, որոնք Հայաստանում ֆրանսերենի դեսպան դառնալու հնարավորություն էին ստացել: Յուրաքանչյուրի համար կազմակերպվել էր պրոֆեսիոնալ լուսանկարում:

Մրցույթի վերջին փուլում 6 մասնակցի լուսանկարները դրվել էին հանրային քվեարկության. գլխավոր մրցանակն էր ուղևորությունը դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---