Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանն ուղղումներ է կատարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում, որով պատիժ է սահմանվում «թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար»: 250 քվեներով, 65-ի դիմաց, խորհրդարանականներն աջակցեցին կառավարության առաջարկությանը` օրենքը մեղմացնող փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոխվել է ձեւակերպումը, ըստ որի այժմ հանցագործություն կհամարվի «թուրք ազգի» վիրավորվանքը, այլ ոչ թե «ազգային արժանապատվության», ինչպես նախկինում էր:



Այսուհետ 301 հոդվածով յուրաքանչյուր գործ կբացի անձամբ արդարադատության նախարարը, իսկ նախատեսվող պատիժը կրճատվել է մինչեւ ազատազրկման 2 տարի: Նախկին խմբագրմամբ քրեական պատիժ էր նախատեսվում 6 ամսից մինչեւ 3 տարի: Նոր խմբագրությամբ, «իշխանությունների քննադատման նպատակով արված հայտարարությունները հանցավորության կազմ չեն պարունակում: Նաեւ կոնկրետ նշվում են այն պետական ինստիտուտները, որոնց վիրավորելու համար նախատեսվում է քրեական պատիժ (Թուրքիայի Հանրապետությունը որպես պետություն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովը` խորհրդարանը, երկրի կառավարությունը, պետական իշխանության մարմինները):



ԵՄ-ն մշատպես պահանջում է Թուրքիայից վերանայել 301-րդ հոդվածը, որով գործեր են հարուցվել լրագրողների եւ գրողների դեմ: 301-րդ հոդվածի փոփոխմանը դեմ ընդդիմության ներկայացուցիչները մեղադրել են իշխանություններին Եվրամիությանը հաճոյանալու համար եւ այդ կազմակերպությանն արվող քաղաքական զիջումների մեջ:



Օրինագիծը կուղարկվի Թուրքիայի նախագահի հաստատմանը եւ օրենքի ուժ կստանա նրա կողմից հավանության արժանանալու դեպքում, կառավարական պաշտոնական թերթում հրապարակվելու պահից ի վեր: Դիտորդները չեն բացառում, որ ընդդիմությունը կբողոքարկի օրնագիծը Սահմանադրական դատարանում, հաղորդում են ԶԼՄ-ները:



Վերջին հինգ տարվա ընթացքում «ազգային արժանապատվությունը վիրավորելու» համար դատարանի առջեւ են կանգնել հարյուրավոր մարդիկ, որոնց թվում` Հրանտ Դինքը, նրա որդին` լրագրող Արատ Դինքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, պատմաբան Թաներ Աքչամն ու մյուսները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---