Թերզյան. «Հայաստան» հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգը խոցելի է

Թերզյան. «Հայաստան» հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգը  խոցելի է

PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը բաց նամակով դիմել է հիմնադրամի նվիրատուներին՝ նշելով, որ հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում կան խոցելիության ճեղքեր:

Նամակում, ներկայացնելով իր այցը Երևան, որտեղ հուլիսի 15 և 16-ին հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև հիմնադրամի Երևանի գրասենյակի անձնակազմի հետ, Թերզյանը նշել է, որ առաջին քայլը եղել է հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը ստուգելը:

«Քննարկումների արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են հիմնադրամի հաշվին՝ այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության եւ ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի /ժյուրիի/ կողմից սեպտեմբերի 10-ին՝ իմ նախագահության ներքո»,-ասվում է նամակում :

Նամակում ասվում է նաև, որ անցած 26 տարիների ընթացքում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմերի, իրականացրել է հսկայածավալ ծրագրեր: Նշվում է նաև, որ հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ շուրջ 60 ծրագիր ընթացքի մեջ է:

«Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության», ասվում է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի բաց նամակում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով ՀՀ նախագահ, հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրանքին, Պետրոս Թերզյանին հանձնվեց հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը նա պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին:

Ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն էր ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միևնույն ժամանա Արավ Վարդանյանն իր ուղերձում գրել է, որ Խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը, և ներողություն է խնդրել բոլորից:

Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---