Վարչապետ. Զորակոչի ոլորտում դեռ չարաշահումներ կան, աշխատելու ենք դրանք արմատախիլ անել

Վարչապետ. Զորակոչի ոլորտում դեռ չարաշահումներ կան, աշխատելու ենք դրանք արմատախիլ անել

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի հարցում կոմպրոմիս չի լինելու: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կրկին ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի՛ լինելու: Ուզում եմ կարևորել, որ այսքան կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, ես շատ կարևորում եմ, որ այդընթացքում, համենայն դեպս, եթե սխալվում եմ, ուղղեք ինձ, որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել՝ առնվազ հիմնավոր հայտարարություն և արձագանք գտնող հայտարարություն չի հնչել», - ասել է Փաշինյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Սա բացառիկ կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ ասել հետևյալը՝ սա շատ կարևոր պրոցես է, և այս պրոցեսում, հույս ունեմ, որ նաև մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում, և այդ վերափոխումները դրական վերափոխումներ են»:

Վարչապետն անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին: «Այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության կողմից, և՛, ինչքան տեղյակ եմ, Գլխավոր դատախազությունն է զբաղվում, և՛ Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում: Եվ նաև պետք է մենք շատ վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններով, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, և ուսումնասիրությունները ամբողջական ընթանալու են»:

«Ցավոք սրտի, ես սա ցավով եմ ասում, նախնական տվյալներով, համենայն դեպս՝ որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, և դա ցավալի փաստ է: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են այդ ոլորտում այսպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից: Սա ուղղակի խայտառակություն է, և ես ուզում եմ ասել, որ այդ ոլորտում մենք հետևողական և շարունակական աշխատելու ենք բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

«Զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում ենք, հայտարարում ենք, բարձրաձայնում ենք, ինչ-որ մարդկանց այսինքն թվում է, թե մենք կատակ ե՞նք անում, ես չեմ հասկանում: Այսինքն, այդքանից հետո գնում են պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, վերջում ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ որ պետք է լինի, ինչ որ պետք է լիներ, և լինելու է այն, ինչ որ պետք է լինի: Այսինքն, որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք՝ դա չի՛ լինելու», - շեշտել է վարչապետը:

2018 թվականի մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, մոտ 29,2 մլրդ դրամի կամ $6,8 մլն-ի իրավախախտում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը:«Դրանք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ», - գրել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---