ՀՀ նախագահ. Հուսով եմ, Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ԵՄ հետ համաձայնագիրը

ՀՀ նախագահ. Հուսով եմ, Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ԵՄ հետ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանը հուսով է, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի համատեղ մամուլի ասուլիսում:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Երևանում է պետական այցով:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը:

Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասել է նախագահը:

Նա նշել է նաև, որ հանդիպմանը արձանագրել են, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, որը ևս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ նախագահը հույս է հայտնել, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորեցինք նաև երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։ Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային և գիտակրթական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը:

Կարևորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երևանում բացվող հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Վերջում նախագահը վստահություն է հայտնել, որ Իտալիայի նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունն և բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---