Դմիտրի Մեդվեդեւը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Այսօր Դմիտրի Մեդվեդեւը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ժամանած Վլադիմիր Պուտինն ընդունել է Կրեմլի պարետի զեկույցը պաշտոնակալման արարողությանը պատրաստ լինելու վերաբերյալ: Նոր նախագահ Դ.Մեդվեդեւը երդում է տվել. «Երդվում եմ ՌԴ նախագահի լիազորությունները կատարելիս հարգել եւ պահպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, պահպանել եւ պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը, պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու անկախությունը, անվտանգությունն ու ամբողջականությունը, հավատարիմ ծառայել իր ժողովրդին»:



Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, Դ.Մեդվեդեւը նախանշել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում իր աշխատանքի գերակա ուղղությունները: Մասնավորապես, նա հայտարարել է. «Հենց նոր ես նախագահական երդում տվեցի, այն տրվում է Ռուսաստանի ժողովրդին, եւ նրա առաջին տողերում է մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ հարգելու պարտավորությունը:



Այդ կապակցությամբ իմ կարեւորագույն խնդիրն եմ համարում քաղաքացիական եւ տնտեսական ազատությունների զարգացումը, քաղաքացիների ինքնադրսեւորման համար ամենալայն հնարավորությունների ստեղծումը:

Կցանկանայի այսօր հավաստիացնել երկրի բոլոր քաղաքացիներին, որ կաշխատեմ լիակատար նվիրումով եւ որպես նախագահ, եւ որպես մարդ, որի համար Ռուսաստանը հարազատ տուն է, հայրենի հող:



Վերջին 8 տարիներին հզոր հիմք է ստեծվել տեւական զարգացման, ազատ եւ կայուն զարգացման տասնամյակների համար: Եվ դա եզակի շանս է, որը մենք պետք է առավելագույնս օգտագործենք, որպեսզի Ռուսաստանը դառնա աշխարհի լավագույն երկրներից մեկը, լավագույնը` մեր մարդկանց հարմարավետ, վստահ եւ անվտանգ կյանքի համար` սա է մեր ռազմավարությունը:



Ես լիովին գիտակցում եմ, թե դեռեւս որքան բան կա անելու: Մենք ձգտելու ենք ինովացիոն մոտեցումներ ներդնել կյանքի բոլոր ոլորտներում, կառուցել ամենաառաջատար արտադրությունները, արդիականացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, ստեղծել հզոր խթաններ մասնավոր ներդրումների համար:



Հատուկ ուշադրություն է դարձվելու իրավունքի հիմնարար դերին, որի վրա հիմնված է պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը: Իրավական համակարգի հասունությունն ու իրագործումը կարեւոր պայման են տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման համար:



Եվ, վերջապես, օրենքի գերակայությունը հնարավոր է միայն մարդկանց անվտանգ կյանքի պայմանում: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն երաշխավորված լինի օրենքով, այլ նաեւ իրապես ապահովվի պետության կողմից:

Հուսով եմ, որ խաղաղությունն ու հատշտությունը մեր ընդհանուր տանը հետագայում եւս կամրապնդվեն տարբեր դավանանքների, սոցիալական խմբերի եւ ազգային մշակույթների համագործակցության շնորհիվ` դրանից է կախված մեր երկրի ներկան ու ապագան:



Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինին նրա անվերապահ անձնական աջակցության համար: Համոզված եմ, որ առաջիկայում եւս այդպես է լինելու:



Իմ պարտքն է ամեն օր եւ ամեն ժամ ծառայել մեր ժողովրդին, ամեն ինչ անել մեր մարդկանց կյանքը բարելավելու, իրենց ապագայի հանդեպ հաջողության եւ վստահության ամրապնդման համար, մեր սիրելի Հայրենիքի` մեր մեծ Ռուսաստանի հետագա վերելքի եւ բարգավաճման համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---