ԵԼՔ-ը Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելու վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԵԼՔ-ը Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելու  վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Նազարյանը։

«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն», - գրել է Նազարյանը։

Ավելի վաղ, ԵԼՔ-ի նախկին պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել էր, սակայն խորհրդարանական մեծամասնությունն այն չէր ընդունել։

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---