2018-ի 6 ամսում բացահայտված հանցանքներով պետության վնասը 19,2 մլրդ դրամ է կազմել

2018-ի 6 ամսում բացահայտված  հանցանքներով պետության վնասը 19,2 մլրդ դրամ է կազմել

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին կիսամյակում բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 19,2 մլրդ դրամ, կամ մոտ 3 անգամ ավելի քան 2017-ի առաջին կիսամյակում՝ 4,9 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Նշված գործերից 3,6 մլրդ դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 3,1 մլրդ դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 5,4 մլրդ դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացահայտված ընդհանուր վնասից արդեն իսկ վերականգնվել է 2,5 մլրդ դրամը. 2017-ի ամբողջ տարում վերականգնվել էր 2,8 մլրդ դրամը։

Մոտ 6,9 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով, իսկ մյուս մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով:

Ընդ որում, միայն սույն թվականի մայիս-հունիս ամիսներին բացահայտված ապօրինի հարստացման, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմում է կիսամյակի ընթացքում պարզված ընդհանուր վնասի մոտ 42%-ը՝ 8 մլրդ դրամ:

Ավելի վաղ, 3 ամսում ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել էր ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 41,7 մլրդ դրամի կոռուպցիոնիրավախախտում։ Դրանից բյուջե է վերականգնվել մոտ 18 մլրդ դրամը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---