Դիլիջանի ծառահատումների դեպքով 17 մեղադրյալ կա. Վնասը կազմել է 1,5 մլրդ դրամ

Դիլիջանի   ծառահատումների դեպքով 17 մեղադրյալ կա. Վնասը կազմել  է
1,5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Ապօրինի ծառահատումների գործով մեղադրանքներ են առաջադրվել 17 անձի. պատճառված վնասը կազմում է 1.597.602.520 ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեում Դիլիջանի ապօրինի ծառահատումների դեպքով մեղադրանք է առաջադրվել 17 անձի, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են առերևույթ ապօրինի բազմաթիվ ծառահատումների դեպքեր։

Քննության տվյալներով՝ ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել 2014-2017 թթ.` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղերի պահաբաժիններում։ Նախնական տվյալներով՝ ապօրինի հատվել է ընդհանուր առմամբ 9517 տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 1,5 մլրդ դրամի վնաս:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության, ինչպես նաև առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով: Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---