Ադրբեջանում ոչ մի հակահայկական քարոզչություն չի տարվում, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին թե Ադրբեջանը հակահայ քարոզչություն է վարում «միանգամայն անհիմն է», հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ-ի մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: «Ադրբեջանում ոչ մի հակահայկական քարոզչություն չի տարվում: Իրականում ադրբեջանական ղեկավարությունն ու ԶԼՄ-ները հակադարձում են այն իրոք կոշտ հակաադրբեջանական քարոզչությանը, որ վարում են Հայաստանն ու հայկական սփյուռքը»,-ասել է Խ.Իբրահիմը, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ Ղարաբաղի հակամարտության հարցով ընթացող բանակցությունները ճիշտ ուղով շարունակելու համար լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է դադարեցնել հակահայկական քարոզչությունը, ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Որեւէ հակամարտություն չի կարող կարգավորվել, եթե շարունակվում է մի կողմի քարոզչությունը մյուսի դեմ»,- ասել է նա: Նրա խոսքերով, հակահայկական քարոզչությունը ժամանակ առ ժամանակ այնպիսի դրսեւորում է ստանում, որն անսպասելի արդյունքների է հանգեցնում:



Այսպես, Ադրբեջանում հասարակական կարծիքի հարցման արդյունքում բնակչության 82 տոկոսը բացասական է վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Միեւնույն ժամանակ, հարցմանը մասնակցած Ադրբեջանի բնակչության 29 տոկոսը գտնում է, որ Ղարաբաղի հարցը կարելի է ռազմական ճանապարհով կարգավորել:



Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի կարծիքով, դա լուրջ եւ վտանգավոր ցուցանիշ է: «Չեմ կարող պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում մարդկանց նման քանակությունը կարող է կողմ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- հավելել է նա
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---