Փաշինյան. Պետությունը պետք է գնահատի վետերանների վաստակը հայրենիքի առաջ

Փաշինյան. Պետությունը պետք է գնահատի վետերանների վաստակը հայրենիքի առաջ

PanARMENIAN.Net - Պետությունը պետք է արժանվույն կերպով գնահատի այն վաստակը, որոնք վետերաններն ունեն այսօրվա հայրենիքի առաջ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վետերանների միավորման անդամների հետ հանդիպմանը: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:

Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք պետք է անխուսափելիորեն անցնեինք: «Ինքս էլ ծնվել եմ երկրորդ հանրապետությունում, իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, և ինձ անվանակոչել են նրա անունով, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից, և այս բոլոր հանգամանքների բերումով ես ինձ այստեղ զգում եմ հարազատների միջավայրում և շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասել է վարչապետը:

«Դա շատ կարևոր է, և մենք կաշխատենք ու կփորձենք խնդիրներին հերթով լուծում տալ: Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ, ձեր անցած ճանապարհին, ձեր ունեցած վաստակին, թե՛ պատերազմում, թե՛ աշխատանքի մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում և ասել, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ կասկածի ամենաջերմ զգացմունքներն է տածում ձեր՝ պատերազմի և աշխատանքի վետերանների նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի ընթացքում քարը քարի վրա են դրել, նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի և նրանց, ովքեր այսօր լավագույն ապագան են մաղթում իրենց երեխաներին, թոռներին և ում համար Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Այդ ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ միայն հակադրության մեջ չի մտնում մեր անցյալի ու պատմության հետ, այլև մենք այն համարում ենք դրա տրամաբանական շարունակությունը»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի վետերանների միավորումը պատշաճ մասնակցություն ունենա Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձի տոնակատարություններին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ վետերանների բարձրացրած խնդիրները կքննարկվեն կառավարությունում և ըստ առաջնահերթության դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 27-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցելու իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---