ՀՀ նախագահն՝ Ազնավուրի մասին. Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս

ՀՀ նախագահն՝ Ազնավուրի մասին. Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի հեռանալով համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իր հետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում և սրտում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Ուղերձում ասվում է՝ մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…

«Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա...Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին: Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով:

Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների սրտում, որքա՜ն ցավեր ամոքել... »,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ գրեթե մեկ դար գլորած բեմի հսկան դեռևս զսպանակի նման պիրկ ու ամուր էր լուսարձակների առջև, նրա անկրկնելի ձայնը դեռևս փոթորկում էր մարդկային հոգին, պատանիներն ու երիտասարդները, արդեն ճերմակած նրա միլիոնավոր երկրպագուները վարակվում էին կյանքի այն լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի այդ ճամփորդից:

«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…Սակայն դու միշտ մեզ հետ ես, սիրելի Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան և Ֆրանսիա հայրենիքների հետ…

Անկեղծորեն ցավակցում եմ և վշտակցում Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին,Ազնավուրի արվեստի միլիոնավորերկրպագուներին: Ճամփիդ լու՜յս, Շառլ... »,-ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---