Շահան Քանդահարյան. Լիբանանում զգալի է դառնում թուրքական գործոնը

PanARMENIAN.Net - Գեներալ Միշել Սուլեյմանի Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու հետ հայ համայնքը համոզվեց, որ քաղաքական հաշտությունը պետք է հիմք ծառայի երկրի հետագա զարգացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքերով, հայկական քաղաքական կուսակցությունները իրենց հայտարարությամբ հաստատեցին, որ անկախ տարաձայնություններից, արտակարգ իրավիճակներում հարկավոր են համատեղ գործողություններ ճգնաժամը հաղթահարելու եւ համայնքի անվտանգությունն ապահովելու համար: «Հայկական կուսակցությունների տարբեր դիրքորոշումները խոչընդոտ չհանդիսացան համայնքի միավորման համար եւ Քաթարի համաժողովին միասնաբար ներկայանալու համար»,-ասել է նա: Շահան Քանդահարյանը նշել է նաեւ, որ նոր ընտրական օրենքը մեծ հնարավորություններ է բացում Լիբանանի բոլոր համայնքների համար, այդ թվում նաեւ հայ համայնքի, որը պատրաստվում է իր պատգամավորներին առաջադրել երկրի խորհրդարանում:



Միեւնույն ժամանակ Քանդահարյանը նշել է, որ Լիբանանում զգալի է դառնում թուրքական գործոնը: «Դա զգացվում է ոչ միայն Լիբանանում, այլ նաեւ ողջ տարածաշրջանում: Երկու տարի առաջ Թուրքիան իր խաղաղապահներին տեղակայեց Լիբանանի հարավում: Կտրուկ աճել են թուրք քաղաքական գործիչների եւ դիվանագետների այցերը Բեյրութ եւ տարածաշրջան: Զուգահեռաբար լիբանանցի պատմաբանները հրավիրվում են Անկարա թուրքական արխիվներն ուսումնասիրելու համար, իսկ թուրք գիտնականները հրավիրվում են դասախոսություններ կարդալու Լիբանանի համալսարաններում: Բնակաբանար, նման ակտիվությունը պատահական չէ: Թուրքիան միջնորդի դեր է ստանձնել Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում եւ առավել լայն մասնակցություն է ակնկալում տարածաշրջանային հարցերում: Թուրքիան գերադասել էր նոր նախագահի պաշտոնակալման արարողությանը ներկայանալ ոչ թե արտգործնախարարի, այլ վարչապետի մակարդակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---