ԱԱԾ. Մաքսայինի նախկին պետի տան վրա հարձակման պատվիրատուն «Ալրաղացի Լյովիկն» էր (վիդեո) 8 հոկտեմբերի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման պատվիրատուն է եղել, հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկվել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր գործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է «Ալրաղացի Լյովիկը», ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները: Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով: Քրեական գործով բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայում է ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ, գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև առնչակից այլ անձանց պարզելու ուղղությամբ: Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |