3 հունիսի 2008 - 14:50 AMT
Սաբինա Ֆրեյզեր. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան գործընթացի վրա
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը չափազանց կարեւոր է: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա հուսով է, որ հանդիպման ժամանակ նախագահները կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին:

«Այժմ ղարաբաղյան հակամարտության գծով բանակցությունների շուրջ շատ նուրբ իրավիճակ է ստեղծվել: Բանը նրանում է, որ միաժամանակ երկու երկրներում այս տարի անցնում են նախագահական ընտրություններ: Հայաստանում ընտրություններն արդեն իսկ կայացել են եւ ուղեկցվել են բարդ իրադարձություններով, հանրահավաքներով, դժգոհությամբ: Իսկ Ադրբեջանում ընտրությունները դեռ պետք է կայանան: Երկու երկրներն էլ այս տարի ավելի շատ ընտրություններով են զբաղված, այդ պատճառով էլ ես այդ իրավիճակը նուրբ եմ համարում»,-նշել է Ֆրեյզերը:

Նա նաեւ կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան գործընթացի վրա: «Ես հուսով եմ, որ նոր նախագահը հանդես կգա կառուցողական դիրքերից եւ այդ ամենը նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար»: Մեկնաբանելով այն հարցը, թե կարելի է առաջընթաց ակնկալել կարգավորման գործում մինչ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները, ՄՃԽ ներկայացուցիչը ասել է, որ այժմ այդ մասին բարդ է դատելը, հարկավոր է սպասել նախագահների հանդիպմանը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: