ANCA-ն կոչ է անում կոնգրեսական Ստեֆան Կոենին դադարեցնել Հայոց ցեղասպանության ամոթալի ժխտումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական կոմիտեն (ANCA-PAC) կոչ է արել կոնգրեսական Ստեֆան Կոենին դադարեցնել Հայոց ցեղասպանության ամոթալի ժխտումը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCA-ում, դեմոկրատ Ստեֆան Կոենը, որ ներկայացնում է Թեննեսիի իններորդ ընտրատարածքը, հայտնի է իր բացասական վերաբերմունքով Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը թույլ չտալու համար, որ 20 դարի առաջին ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի: Կոնգրեսական Կոենը ԱՄՆ Կոնգրեսի Թուրքիայի հարցերով կոմիտեի անդամ է եւ ընտրվել է Ներկայացուցիչների Պալատ 2006 թվականին Թեննեսի նահանգի Մեմֆիս ընտրատարածքից, ստանալով ձայների մեծամասնությունը աֆրոամերիկացիներից:



«Կոնգրեսական Կոենի նման պահվածքը ես անվանում եմ ընտրական ամնեզիա Հայոց ցեղասպանության փաստի հարցում: Նա պետք է ամաչի այն բանի համար, որ շողոքորթում է Թուրքիայի առջեւ, որը պահանջում է ժխտել իր կատարած հանցագործության փաստը, գտնում է կոնգրեսականի ընտրողներից մեկը: Դժվար է հավատալ, որ կոնգրեսականը, որը մի կողմից խոսում է Հոլոքոսթի եւ Դարֆուրում շարունակվող ցեղասպանության մասին, մյուս կողմից ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը»,-նշել է Կոենի ընտրող Դենի Բեյլերյանը:



2007թ. հոկտեմբերին, մի քանի օր անց այն բանից, երբ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, Ս.Կոենը միացավ պաշտպանական ծրագրերի հատկացումների ենթակոմիտեի նախագահ Ջոն Մարֆին եւ մամլո ասուլիսի ժամանակ պահանջեց Ներկայացուցիչների Պալատի ղեկավարներից չներկայացնել բանաձեւը Պալատում քվեարկության համար: Այդ ակցիային մասնակցեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Թուրքիայի հարցերով կոմիտեի նախագահ, կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերը:



Նույն թվականի հոկտեմբերին «The New York Times» թերթի թղթակից Կառլ Հուլսը հոդվածներից մեկում մեջբերել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ Կոենի բացատրությունը: «Ես ցավակցում եմ այն հայերին, որոնք պայքարել են իրենց գոյության համար, սակայն նման իրավիճակներ կյանքում հաճախ են հանդիպում, եւ երբեմն սիրտը պետք է իր տեղը զիջի բանականությանը եւ պետք է անել այն, ինչ առավել կարեւոր է սեփական երկրի համար»,-հայտարարել է Ստեֆան Կոենը:



Մեկ ամիս առաջ ընտրողների հետ Մեմֆիսում հանդիպման ժամանակ Ստեֆան Կոենը պատասխանելով հավաքվածների հարցերին, հայտարարեց, որ Կոնգրեսը չպետք է պատմությունը բարձրացնի օրենքի մակարդակի: Պատասխանելով Դենի Բեյլերյանի հարցին` Կոենը ճարպկորեն խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Կոնգրեսականը հայտարարեց, որ Թուրքիան ԱՄՆ-ի չափազանց կարեւոր դաշնակիցն է եւ բնութագրեց Հայոց ցեղասպանության փաստը որպես պատերազմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---