6 հունիսի 2008 - 14:50 AMT
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
«Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ եղել է, սակայն, ցավոք, կողքից որոշ ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը

Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկություն լինի, նրա երկիրը պատրաստ է կրկին միջնորդական առաքելություն ստանձնել հակամարտության կարգավորման գործում: «Թեեւ ես բավարար չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս բանակցություններին այդ շրջանակներում: Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նոր նախարար Սեյրան Օհանյանի այցին Իրան, ապա հայ նախարարի հետ հանդիպումներում չեն քննարկվել Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: