Մարուքյանը դիմել է ԿԲ-ին՝ պարզելու ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կոռուպցիոն սխեմային ներգրավվածությունը

Մարուքյանը դիմել է ԿԲ-ին՝ պարզելու ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կոռուպցիոն սխեմային ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններով դիմել է ՀՀ կենտրոնական բանկ և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ մամուլում տեղ գտած ԱՊՊԱ ոլորտում չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ այդ հրապարակումների, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների հաշվին միլիարդավոր դրամներ են երկրից դուրս բերվում։ Ապահովագրական ընկերություններն արդեն 2 տարի է, ինչ «Բիվաք Հայաստան» ՓԲ ընկերությանը միլիարդավոր դրամներ են վճարում՝ մեկ պատուհանի ծառայություն ստանաու համար և դեռ մինչև 2024-ը պետք է վճարեն:

«Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է «Բյուրո Վերիտասի» հայաստանյան ներկայացուցչի՝ «Բիվաք Հայաստան» ընկերության հետ: Տարեկան վճարման չափը ընկերությունների համար տատանվում է 0.7-1.5 մլրդ դրամի սահմաններում: Այդ թիվը կազմում է ընկերությունների գործառնական ծախսերի մոտ 6%-ը: Մամուլի փոխանցմամբ՝ Ավտոապահովագրողների բյուրոն կնքել է պայմանագիր՝ առանց մրցույթ հայտարարելու։ Մասնավորապես, բյուրոն 2014-ին ապահովագրական ընկերություններից լիազորագրեր է վերցրել, որպեսզի պայմանագիր կնքի «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ՝ 1 պատուհանի ծառայությունն ստանալու համար, սակայն ծառայության գինը, ըստ ապահովագրական ընկերությունների, չհիմնավորված բարձր է», - գրել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի, կարծիք կա, որ «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ պայմանագիր է կնքվել ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար կազմի շահագրգռվածության արդյունքում, այսինքն՝ այդ տարիներին որոշ ապահովագրական ընկերություններ չեն ցանկացել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ կնքել թանկ պայմանագիր, սակայն կենտրոնական բանկի նախագահն ու ֆինանսական վերահսկողության վարչության պետը առանձին-առանձին ապահովագրողներին «կողմնորոշել» են այդ հարցում, և բյուրոն ստացել է ցանկալի լիազորագրերը: Դրանց հիման վրա արդեն պայմանագիր է կնքվել «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ:

«Այսպիսով, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադին առաջարկել եմ տրամադրել տեղեկատվություն բանկի ղեկավարության և նշյալ պայմանագրի միջև կապի վերաբերյալ, ինչպես նաև նրան ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել կիրառել իրենց լիազորություններն ու բյուրոյի կողմից ենթադրաբար խախտումներով կնքված պայմանագրի հետ կապված ձեռնարկել միջոցառումներ՝ խախտումները վերացնելու և ապահովագրական ընկերությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ», - գրել է Մարուքյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---