Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բաց նամակ են հղել Թանկյանին, Բերբերյանին և Թունջբոյաջյանին

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բաց նամակ են հղել Թանկյանին, Բերբերյանին և Թունջբոյաջյանին

PanARMENIAN.Net - Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներըբաց նամակ են հղել Սերժ Թանկյանին, Վահե Բերբերյանին, Արտո Թունջբոյաջյանին և, ինչպես իրենք են որակում, «ապակողմնորոշված այլ արվեստագետներին»։

Հայկական բնապահպանական ճակատը • #SaveAmulsar արշավ է սկսել, որի շրջանակում հայտնիները խոսում են Ամուլսարի մասին:

«Սիրելի Արտո, Սերժ և Վահե, մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակինչներս մեր մտահոգությունն ու հիասթափությունն ենք հայտնում վերջին շրջանում համացանցում տարածված Ձեր Save Amulsar տեսաուղերձների վերաբերյալ:Մենք, բարձր ենք գնահատում Հայաստանի հանդեպ ձեր սրտացավ վերաբերմունքը ու այդ տեսանկյունից մեզ համար հիասթափեցնող է, որ դուք Հայաստանի հանդեպ ձեր հոգածությունն եք հայտնում մակերեսային դատողություններ անելով երկրի համար կարևորագույն՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

Ափսոսում ենք, որ ձեր կարծիքը ձևավորել եք միակողմանիորեն՝ միայն մի խումբ ակտիվիստների կողմից տարիներ շարունակ հնչեցվող և մինչև օրս չապացուցված էմոցիոնալ, անհիմն մեղադրանքների հիման վրա: Այն պարագայում, երբ այս հարցը գտնվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում և նա հստակ նշել է, որ Ամուլսարի շահագործման հարցը որոշվելու է միմիայն փաստերի հիման վրա: Հարկ է նշել, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները ՀՀ Վարչապետին մինչ օրս չեն տրամադրել և ոչ մի համոզիչ ապացույց իրենց հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ: Դուք, ցավոք, նաև տեղյակ չեք, որ Ձեզ ապակողմնորոշած ակտիվիստները տարիներ շարունակ նպատակաուղղված հակաքարոզչություն են տարել միայն եվրոպական ստանդարտներով աշխատող Ամուլսարի ծրագրի դեմ, այն պարագայում, երբ Հայաստանում այսօր գործում են մի շարք հանքեր, որոնք ամեն օր անդառնալի վնասներ են հասցնում շրջակա միջավայրին, բայց որոնց դեմ նույն «բնապահպանները» նույնիսկ չեն փորձում պայքարել»:

Նշվում է, որ Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, հսկայական ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հակաքարոզչության վրա, «բնապահպանների» տարբեր աղբյուրներից հասանելի տեղեկությունները թույլ են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ամենը կազմակերպված և լավ ֆինանսավորվող արշավ է երկրի միակ խոշոր արևմտյան ներդրողի՝ Լիդիանի, հետևաբար նաև Հայաստանի քաղաքացիների տնտեսական զարգացման, սոցիալական բարեկեցության դեմ»:

«Շատ ցավալի է, որ դուք ևս ներգրավվել եք կասկածելի ֆինանսավորմամբ այս արշավում: Ուզում ենք վստահեցնել, որ մենք, բնակվելով Ամուլսարի հարակից համայնքներում, ամենաշահագրգիռ կողմն ենք մաքուր շրջակա միջավայր ունենալու համար, մեզ համար պակաս կարևորություն չեն ներկայացնում Սևանն ու Ջերմուկի ջրերը, քան որևէ այլ հայի համար: Բայց ի տարբերություն Ձեզ մենք ծանոթ ենք Լիդիան Արմենիայի պատասխանատու գործունեությանը, բնապահպանական և տեխնիկական մանրամասներին: Մեզանից շատերը մասնագիտական վերապատրաստում են անցել և ամենօրյա աշխատանքի ընթացքում հնարավորություն են ստացել համոզվելու, որ Լիդիանի բարձրակարգ տեղացի և միջազգային մասնագետների աշխատանքը ապահովելու է, որ հանքն աշխատի այն բոլոր բարձր ստանդարտներով, որոնցով աշխատում են հանքերը Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր»,-ասվում է նամակում:

Նշվում է, որ նույնիսկ պարզ Google որոնումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում գործող ավելի քան 1400 հանք կա՝ հարյուր անգամ ավելի շատ քան Հայաստանում, և ԱՄՆ-ն ոսկու խոշոր արտադրողներից է: «Եվ ուրեմն ինչո՞ւ պետք է մենք ապրենք հետամնաց ագրարային երկրում, եթե ԱՄՆ-ը, որտեղ ապում են սիրելի Սերժ Թանկյանը, Վահե Բերբերյանը և Արտո Թունջբոյաջյանը, օգտվելով արդյունաբերական երկրի բոլոր բարիքներից, զարգանում է նաև հանքարդյունաբերության շնորհիվ: Փոխանակ աջակցեք, որ Հայաստանում նույնպես ներդրում անի արևմտյան որակյալ ընկերությունը, ինչո՞ւ եք ջուր լցնում որակյալ ներդրումներին խանգարողների ջրաղացին:

Միթե դուք, թեկուզ հեռվից, շահագրգռված չեք ձեր հայրենակիցների բարեկեցությամբ, միթե Ձեզ չի մտահոգում մշտապես աճող արտագաղթը: Ինչո՞ւ ԱՄՆ-ն և Կանադան, որտեղ դուք բնակվում եք, կարող են ունենալ զարգացած, պատասխանատու հանքարդյունաբերություն ի նպաստ իրենց ժողովրդի, իսկ մեզ խորհուրդ եք տալիս հրաժարվել զարգացման հնարավորությունից: Ո՞րն է տրամաբանությունը, հարգելի արվեստագետներ:

Ամփոփելով վերշարդրվածը՝ լիահույս ենք, որ դուք ծրագրի վերաբերյալ գոնե փորձ կանեք ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, մեծ սիրով պատրաստ ենք Ձեզ ներկայացնել Ծրագիրը և պատասխանել Ձեզ մտահոգող հարցերին», - ասված է բաց նամակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ#SaveAmulsar արշավին է միացել ամերիկահայ հայտնի թատերագիր, նկարիչ, գրող և կատակերգու Վահե Բերբերյանը: Նա համալրել է հայտնի արվեստագետների շարքը, որոնք իրենց տեսաուղերձներն են հրապարակում ի պաշտպանություն Ամուլսարի, որոնց թվում էին Սերժ Թանկյանը և Արտո Թունջբոյաջյանը:

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---