ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը հանդիսանում է հակամարտության կարգավորման կարեւորագույն խնդիրը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը հանդիսանում է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման կարեւորագույն խնդիրը: Ղարաբաղի բնակչության այժմյան սերունդը լիարժեք ֆիզիկական ոչնչացման առաջ էր կանգնած 1992 թվականի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ժամանակ: Միայն բազմաթիվ մարդկային եւ նյութական կորուստների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը, որի մաս է դարձել գրեթե յուրաքանչյուր ղարաբաղյան ընտանիք, եղան հազարավոր զոհեր: Այդ պատճառով, անկախության խնդիրը ԼՂՀ-ի համար անմիջականորեն եւ ուղղակի կապված է կյանքի իրավունքի ապահովման հետ: Այդ մասին ասվում է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով անկախ փորձագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանի զեկույցում:



Նա հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) պատմության գրեթե ողջ ընթացքը վկայում է այն մասին, որ հենց անձի հիմնական իրավունքների` կյանքի եւ ազատության իրավունքի, Ադրբեջանի կողմից ժողովորդի իրավունքների ճնշումն է հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խորքային պատճառը:



«Փոխհարաբերությունների ողջ պատմության ընթացքում Ադրբեջանը բոլոր վարչակարգերի ժամանակ իրական սպառնալիք էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար: Այդ պատճառով ԼՂՀ-ի եւ նրա ժողովրդի արտաքին անվտանգության ապահովումը այսօր եւս մնում է բավական էական խնդիր: Միեւնույն ժամանակ, ԼՂՀ-ն չի սպառնում Ադրբեջանի անվտանգ գոյատեւմանն ու զարգացմանը: Ընդհակառակը, Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իրավական անջատումից եւ հրադադարի կնքումից հետո, ԱՀ-ն տնտեսական բուռն զարգացում ապրեց: Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման գործում կարեւոր դեր են խաղում ԼՂՀ զինված ուժերը: ԼՂՀ պաշտպանության բանակը զբաղվում է հետեւյալ հիմնարար խնդիրներով. առաջին հերթին, ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովում, երկրորդ հերթին փաստացի խաղաղապահ առաքելության իրագործում չկարգավորված հակամարտության պայմաններում: ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է դառնա միջազգային ռազմական համագործակցության մասնակիցը, այդ թվում ռազմա-կրթական բնագավառում»,- ընդգծում է Մաիլյանը:



Նրա կարծիքով, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության ճանաչման հետաձգումը եւ Ադրբեջան նավթադոլարների հոսքը խթանում է Բաքվին ռազմատենչ բանակցային դիրքորոշում գրավել: «Ադրբեջանի նավթային շուկայում հսկայական ներդրումներ կատարած երկրների վրա մեծ պատասխանատվություն կա տարածաշրջանային խաղաղության պահպանման համար: Այդ երկրները պետք է մատնանշեն Ադրբեջանին իր ագրեսիվ դիրքորոշման անհեռանկար ապագան»,- ասվում է Կոնեկտիկուտի համալսարանում (ԱՄՆ) ընթերցված զեկույցում, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---