ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Սպիտակ տանը դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ

PanARMENIAN.Net - «Մենք պետք է պայքարենք Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման դեմ, որը ոչ մի արդարացում չունի»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ` «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ»:



Լսումների մասնակիցները նաեւ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ այդ երկրում սպառազինության աճի առումով: Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենք Փալոունը հայտարարել են, որ Ադրբեջանը բռնատիրություն է, որը շարունակում է հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով եւ կոչ են արել ԱՄՆ վարչակազմին կանգնեցնել ադրբեջանական ռազմական մեքենան: Ֆրենք Փալոունը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի եւ Ադբեջանի կառավարությունների միջեւ շփումներ ապահովելու, ինչպես նաեւ վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Նա նաեւ անհանգստություն է հայտնել այն փաստի առումով, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում ԱՄՆ պետդեպարտամենտի վրա, փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի շփումներին:



Լսումների ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դայան Ուոթսոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային եւ քննադատել է ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը, որը հրահանգում է իր աշխատակիցներին չօգտագործել այդ տերմինը: Ի պատասխան դրան ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ վարչակազմը երբեք չի հերքել այդ պատմական իրադարձությունը, սակայն երբեք չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը: «Ինչո՞ւ Ամերիկան չի ճանաչում հայեցի զանգավածային սպանությունները որպես ցեղասպանություն: Դա ցեղասպանությու՞ն էր: Այո՞ թե ոչ»,- հարցրեց Դայան Ուոթսոնը, սակայն այդպես էլ պատասխան չստացավ:



Լսումների ընթացքում բարձրացվել է նաեւ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ավելի քան 50 տոկոսով կրճատման հարցը, ինչի առթոիվ կոնգրեսականները դիմել են Դենիել Ֆրիդին խնդրելով պարզաբանել Հայաստանի ֆինանսական օգնության կրճատման պատճառները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---