ՊՆ խոսնակ. Զինվորները կարող են լիովին ազատ ընտրել

ՊՆ խոսնակ. Զինվորները կարող են լիովին ազատ ընտրել

PanARMENIAN.Net - Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին, տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև մամուլի հրապարակմանը, որի համաձայն Արցախում ծառայող զինվորները տեղեկացրել են ծնողներին, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու համար իրենց Գորիս և Կապան են տանելու, որտեղ կարող են հանդիպել նաև ծնողներին:

«Նման պնդումներն ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ «168 ժամ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:«Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում», - գրել էր թերթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---