Բաբայան. Պատգամավորին քրեորեն հետապնդելու հարցն ԱԺ-ն որոշում է գաղտնի քվեարկությամբ

Բաբայան. Պատգամավորին քրեորեն հետապնդելու հարցն ԱԺ-ն որոշում է գաղտնի քվեարկությամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով ԱԺ ներկայացրած միջնորդությանը և հաշվի առնելով բազմաթիվ հարցումները, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը:

108 հոդվածը սահմանում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: Նշվում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով. 1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել. 2) մտքերի փոխանակություն. 3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե»,-ասվում է գրառման մեջ:

Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

«Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, 2015-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրգործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ Հարությունյանը 2008-ին զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումման ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է $14 մլն առանձնապես խոշոր չափերով կաշառք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---