Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց՝ ղեկը տեղափոխելու պայմանով

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվեց՝ ղեկը տեղափոխելու պայմանով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում թույլատրել է ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցները մինչև 2019թ. մարտի 1-ը՝ այն պայմանով, որ 6 ամսվա ընթացքում ղեկը կտեղափոխվի: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը:

Ղեկի տեղափոխումից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեքենաները մաքսազերծելուց հետո կհաշվառվեն ՀՀ ոստիկանությունում և կշահագործվեն:

Որոշման նախագիծը լիազոր մարմինների և «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների քննարկումների արդյունք է:

Այս որոշումը գործելու է մինչև մարտի 1-ը:

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները հոկտեմբերին և նոյեմբերին մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի սահմանային հսկիչ անցակետում։ Ներկրողները մի շարք քննարկումներ են անցկացվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում։ Ներկրողների հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30-ին նախարարությունում։ Նոյեմբերի 7-ին նախարարությունը հավանության է արժանացրել ներկրողների առաջարկները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ներկրողները պահանջում էին չեղարկել արգելքը, քանի որ նրանք մեծ վնասներ են կրում։ Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի չեզոք գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---