26 հունիսի 2008 - 19:06 AMT
Իսրայելը հարված կհասցնի Իրանին ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության եւ երդմնակալության միջեւ ընկած հատվածու՞մ
Իսրայելը հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության եւ երդմնակալության միջեւ ընկած հատվածում: Այդ մասին Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության եւ միջազգային անվտանգության հարցերով նախկին տեղակալ Ջոն Բոլթոնը: Նրա կարծիքով, Իսրայելի հարձակումը Իրանի վրա մինչեւ ընտրությունները ԱՄՆ-ում քիչ հավանական է:

Ամերիկացի դիվանագետը ենթադրել է, որ Օբամայի հաղթանակի դեպքում իսրայելցիները կարող են ընդհանրապես հրաժարվել հարձակման մտքից: «Նրանք կվախենան հետեւանքներից արտաքին քաղաքականության նկատմամբ Օբամայի զբաղեցրած դիրքի լույսի ներքո»,- ասել է Բոլթոնը:

«Եթե Իրանի դեմ իրոք իսրայելյան գործողություն անցկացվի, արաբական աշխարհը գոհ կլինի: Վերաբերմունքը կլինի դրական»,- ասել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է Newsru.com-ը:

Հերթական ընտրությունները ԱՄՆ-ում անցնելու են նոյեմբերի 4-ին, իսկ նոր նախագահի երդմնակալությունը կայանալու է մյուս տարվա հունվարի 20-ին: