«Հայփստի» 2 աշխատակից է ձերբակալվել՝ խոշոր խարդախություն կատարելու մեղադրանքով

«Հայփստի» 2 աշխատակից է ձերբակալվել՝ խոշոր  խարդախություն կատարելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մեկ նախկին և մեկ գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալ ձեռք բերվել այն մասին, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմած կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:

Ձեռք բերված տվյալների հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 13-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերի նախաքննությունն իրականացնել մեկ վարույթում:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության 47 և 34-ամյա աշխատակիցները՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---