Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիային մեծ ցնցումներ են սպասվում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկա ներքաղաքական ճգնաժամը դարձել է «խորքային պետության» (Deep State) գոյության եւս մեկ արտահայտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, խոշոր զինվորականների եւ պաշտոնյաների վերջին ձերբակալությունները վկայում են այն մասին, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) պատրաստվում է Թուրքիայի ՍԴ առաջիկա որոշմանը` կուսակցության արգելման մասին: «AKP-ն փակելու սպառնալիքը լրիվ իրական է, եթե հաշվի առնենք, որ 11 դատավորներից 7-ը կողմ են դրան: Այնպես որ, ձերբակալությունները Թուրքիայում կանխող բնույթ են կրում, դրանց ետեւում կանգնած է իշխող կուսակցությունը: Կուսակցության արգելման մասին ՍԴ-ի որոշումն ընդունելուց անմիջապես հետո, կհարուցվեն արդեն պատրաստի քրեական գործերը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ մի շարք կուսակցական գործիչների դեմ: Սակայն այլ կողմից, վերջերս գաղտնի նյութեր են տպագրվել երկրի քաղաքական կյանքին բանակի միջամտության փորձերի մասին: Ի դեպ, թուրքական բանակի կրտսեր եւ միջին սպայական կազմը դեմ է միջամտությանը ներքին գործերին»,- ասել է Սաֆրաստյանը:



Սակայն նա նաեւ կարծում է, որ AKP-ն մի քանի տարբերակ ունի. մեկ այլ կուսակցություն մտնել եւ վերցնել այն սեփական վերահսկողության տակ, վերանվանել կուսակցությունը եւ, վերջապես, նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Լրիվ հավանական է, որ մինչեւ աշուն Թուրքիայում նոր կուսակցություն ստեղծվի ճապոնական տարբերակով, այսինքն հիմնված ոչ թե գաղափարախոսության, այլ տարբեր քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերած ընդհանուր հայտարարի վրա: Կուսակցությունը կգլխավորի նախկին վարչապետ Մեսուտ Յիլմազը: Սակայն ամեն դեպքում Թուրքիային մեծ ցնցումներ են սպասվում»,- ընդգծել է արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---