Կառավարության մոտ բողոքում են ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ

Կառավարության մոտ բողոքում են ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ

PanARMENIAN.Net - Դաժան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացվում։

Ակցիայի մասնակիցների թվում են սպանվածի ընտանիքի հարազատները, ընկերները, նրա ընտանիքի անդամների գործընկերները, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քաղաքացիներ, հայտնում է Panorama.am-ը։

Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ասել է, որ ակցիային մասնակցելու է եկել նախ Աղաջանովների հետ ծանոթանալու նպատակով, իրենց որդուն սպանած հանցագործին հնարավոր ներման դեպքում պատրաստ է տուժողին իրավաբանական օգնություն տրամադրել։

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ դատապարտյալի շահերը հաշվի առնելուց զատ, պետք է հաշվի առնվեն նաև տուժողի շահերը։

«Կա օրենսդրական խնդիր, օրենսդրության ու դրա ընկալման հետ։ Ներման գործընթացում տուժողների շահերը պաշտպանված չեն։ Մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության հետ։ Բացի կոնկրետ դեպքից, սա պետք է առիթ ու խթան լինի, որ կատարենք փոփոխություններ, հավասարապես հաշվի առնվեն թե դատապարտյալի, թե տուժողի շահերը։ Բացի այդ, լրագրողական համայնքի կողմից պետք է քննության առարկա դառնա էթիկան, քանի որ տարիներ շարունակ եղել է միակողմանի, ուղղորդված տեղեկատվություն»,-ասել է Մելիքյանը։

Նա համարում է, որ աղմուկ հանած նման դեպքերի գործընթացներից հասարակությունը պետք է տեղյակ լինի, իհարկե, ոչ ամբողջությամբ։ «Օրինակ, պետք է հայտնի լինի, թե ներման խնդրագրում, դատապարտյալն ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում իր մեղքը»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2019-ի հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը ներման հանձնաժողովից ստացել է դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ եզրակացությունները: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցման ի պատասախան հայտնել է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---