Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովը նախատեսվում է անցկացնել ՀՀ-ում

Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովը նախատեսվում է անցկացնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով:

Նոբելյան մրցանակակիր համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն ասել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում, 2019-ի նոյեմբերին: Նա հավելել է, որ Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշի համաժողովների հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և բարձր է գնահատում այն ջանքերը, որ նրանք ներդնում են ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու ուղղությամբ:

Ողջունելով համաժողովը մեր երկրում անցկացնելու գաղափարը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվում են ևս մի քանի միջազգային ազդեցիկ համաժողովներ: Շատ էական համարելով, երբ մեկ տեղում են հավաքվում քաղաքականությամբ հետաքրքրված գիտնականները և գիտությամբ հետաքրքրված քաղաքական գործիչները, նախագահ Սարգսյանն ասել է. «Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում»:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Պագուոշի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երկու ֆիզիկոսները խոսել են նաև աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին, անդրադարձել գլոբալ ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու հնարավորություններին:

Պագուոշի համաժողովները և դրա համահիմնադիր Ժոզեֆ Ռոթբլաթը 1995 թվականին արժանացել են Խաղաղության նոբելյան մրցանակի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---