Ստեփանավանի սոցապի աշխատակիցները վերականգնել են 107 մլն դրամի վնասը

Ստեփանավանի սոցապի աշխատակիցները վերականգնել են 107 մլն դրամի վնասը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ևս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ տևական ժամանակ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիներ գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում:

Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված հափշտակությունները կատարելիս, գործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական, ինչպես նաև ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների քանակը չբացահայտվելու անձնական այլ դրդումներից ելնելով՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին: Արդյունքում՝ փոստատարների և ավագ օպերատորների միջոցով յուրաքանչյուր ամիս առձեռն ստացվել ու խարդախության եղանակով հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 550․6 մլն դրամ գումար:

Քրեական գործով ձեռք բերված բավարար տվյալների համաձայն՝ 27 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Քրեական գործի շրջանակներում թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107 մլն դրամի չափով։

Պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443․6 դրամի հատուցումն ապահովելու նպատակով արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև՝ առաջին կարգի մասնագետի՝ շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:

Ավելի վաղ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Թվով 25 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---