Մարտի 1-ի զոհերի հարազատներ․ Պետք չէ մեր զավակների արյան վրա Քոչարյանի համար դիվիդենտներ հավաքել

Մարտի 1-ի զոհերի հարազատներ․ Պետք չէ մեր զավակների արյան վրա Քոչարյանի համար դիվիդենտներ հավաքել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի զոհերի հարազատները դատապարտող հայտարարություն են տարածել «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրված՝ «Գործ համար Մարտի 1» ֆիլմի կապակցությամբ։

Ավելի վաղ «Հ5» հեռուստաալիքով ցուցադրվել է «Գործ համար Մարտի 1» ֆիլմը, որը բացասական արձագանքի է արժանացել հանրության կողմից՝ Մարտի 1-ի իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու և փաստերը խեղաթյուրելու համար։

Մարտի 1-ի մասին մեկ այլ փաստագրական ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը մեղադրել է նշված ֆիլմի հեղինակ Ռոման Բաբայանին՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի կադրերն առանց թույլտվության օգտագործելու մեջ։

«Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին (Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ) մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից: Մեր մշտական դիրքորոշումը եղել է այն, որ պետք է պատասխանատվություն կրեն սպանություններ կատարողները, բայց դրանից առաջ՝ նրանց հրաման տվողները և այդ օրը զենքի գործադրումը հրամայողներն ու թույլատրողները։ Անբարոյականություն ենք համարում մեզնից մի քանիսից և ֆիլմի այլ մասնակիցներից հարցազրույցներ կորզելն այն պատրվակով, թե իբր նկարահանող խումբը, համակրելով բռնաճնշումների զոհերին` ցանկանում էր բացահայտել այդ բռնաճնշումների և սպանությունների մասին ամբողջ ճշմարտությունը՝ ստանալով ականատեսների վկայությունները: Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել», - նշվում է հայտարարության մեջ:

Զոհերի հարազատները շեշտում են, որ իրենց զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ իրենց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը սկզբից մինչև վերջ քարոզում է 2008 թ.-ին իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը։

«Բայց չէ՞ որ նա է եղել պետության ղեկավարը և այն անձանց ղեկավարն, ում ձեռքին այդ օրն այդտեղ զենք է եղել, որից և սպանվել են մեր հարազատները։ Որևէ այլ բարձրաստիճան ոստիկան, զինվորական, քաղաքական գործիչ, որ ղեկավարել է զենք գործադրողներին դեպքի վայրում, որևէ պատասխան չի տվել մեր հարազատների սպանդին վերաբերող որևէ հարցի։ Իսկ դրանց բոլորի այդ ժամանակվա գլխավոր հրամանատարը դեռ տարբեր հնարքներով շարունակում է խուսափել այս հարցի վերաբերյալ բացատրություններ տալուց։ Մեզ համար սա շատ կարևոր և որոշիչ հանգամանք է։ «Հ5» հեռուստաալիքով ցուցադրված ֆիլմը դիտելով՝ մենք երկրորդ անգամ վերապրեցինք մեր նկատմամբ նվաստացումները, ցինիկ անարգանքը և մեզ ներարկված անհուսությունը, ինչի միջով անցել ենք դեռևս 2008 թ.-ից, երբ իշխանությունը մեզ դարձրել էր քաղբանտարկյալների գործով տուժողներ։ Մեզ` բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում էին ուղղորդել այն մարդկանց դեմ, որոնք ոչ զենք են ունեցել, ոչ սպանել, ոչ էլ սպանելու հրամաններ տվել։ Փոխարենը, արդեն պարզվում է, որ այդ ընթացքում իշխանությունը կեղծում էր սպանությունների բացահայտմանը տանող ապացույցները», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ազատության և ժողովրդավարության համար հայ ժողովրդի պայքարը ֆիլմում ներկայացվել է բացառապես որպես մասսայական անկարգություն, իսկ բռնապետական իշխանության կողմից բռնաճնշումների ենթարկված զոհերը ներկայացվել են որպես հանցագործներ և թալանչիներ:

«Ներկայացնելով ապօրինաբար և դաժանորեն սպանված մեր զավակներին որպես հանցագործներ, նկարահանող խումբը ոչ միայն անարգել է նրանց հիշատակը, վիրավորել մեր զգացմունքները, այլ նաև վարկաբեկել ազատության և ժողովրդավարության համար մղվող մեր ժողովրդի պայքարը։ Մենք դատապարտում ենք մեր զավակների թափված արյան վրա Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական դիվիդենտներ հավաքելու ֆիլմի հեղինակների անամոթ փորձերը՝ որպես ծայրագույն ցինիզմ և կեղծիք: Այդ ֆիլմը նկարահանողներին, ֆինանսավորողներին, ցուցադրողներին և այսուհետ տարածող ԶԼՄ-ներին մեղադրում ենք այդ ամենին մեղսակից լինելու մեջ: Այս հայտարարությամբ խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին՝ մարտիմեկյան ոճրագործության զոհերի ընտանիքներիս վշտի նկատմամբ հարգանք դրսևորելով չտարածել ու չցուցադրել այդ ֆիլմը։», - ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---