ՀՀ դիրքը կոռուպցիայի համաթվով չի փոխվել

ՀՀ դիրքը կոռուպցիայի համաթվով չի փոխվել

PanARMENIAN.Net - Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն այսօր հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2018 թվականի արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը 105-րդ տեղում է 180 երկրների մեջ:

Համաթիվը 0-100 սանդղակի վրա է. 0-ն բացարձակ կոռումպացվածության համաթիվն է 100-ը՝ բացարձակ մաքուր: Բացարձակ մաքուր երկիր չկա:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով 2018-ի՝ Հայաստանի համաթվին, ասել է. «Այս համաթիվը չի փոխվել՝ 35 է: Կարելի է ասել՝ մնացել է իր տեղում»,-գրում է «Առավոտը»:

«Ուսումնասիրությունները հիմնականում արվել են 2017-ին և 2018-ի սկզբին՝ մինչև թավշյա հեղափոխությունը՝ ավելի շատ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանն է, քան նոր: Տարածաշրջանում ՀՀ-ն 10-րդն է 19 երկրներից»,-ասել է նա:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ ուժեղ ձեռքով հնարավոր չէ կոռուպցիա վերացնել.«Ինչքան էլ ուզես ուժեղ ձեռքով վերջ տալ կոռուպցիային, եթե չկան լուրջ տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, եթե կա սոցիալական բևեռացվածություն, դա հնարավոր չի լինի անել»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նոր կառավարության քայլերն այս ուղղությամբ գոհացուցի՞չ են՝ Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Առայժմ չեմ ուզում կտրուկ կողմ կամ դեմ հայտարարություններ անել. փորձում եմ իրավիճակը հաշվի առնել: Դեռ չունենք վերջնական ձևավորված կառավարություն և ԱԺ: Դրանից հետո ես սպասում եմ կառավարության ծրագրին: Ինչ վերաբերում է ռազմավարությանը՝ հույս ունեմ արդարադատության նախարարությունը և շահագրգիռ այլ կազմակերպություններ կփորձեն դա հարմոնիզացնել կառավարության ծրագրի հետ: Սպասենք, կարծեմ փետրվարի 8-ն է մինչև»:

Աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվով առաջատար է Դանիան: Վարուժան Հոկտանյանը մանրամասնել է. «Մաքուր երկրները որպես կանոն ժողովրդավարական պետություններն են: Առաջին տեղում է Դանիան՝ 88 համաթվով: Այնուհետև Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Սինգապուր, Շվեդիա, Շվեյցարիա՝ 85-ական միավորով: Միակ ոչ ժողովրդավարական երկիրը Սինգապուրն է, բայց այն աշխարհի երրորդ ամենաազատ տնտեսություն ունեցող երկիրն է»:

Նա հավելել է, որ ամենավատ վիճակը շարունակում է մնալ այն երկրներում, որտեղ հակամարտություններ են, ավտորիտար վարչակարգ, պատերազմներ: Ամենավատը իրավիճակը Սոմալիում է, Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում ու Հյուսիսային Կորեայում:

Վարուժան Հոկտանյանն առանձնացրել է՝ Բելառուսը երկրորդ տեղում է իրավիճակը լավացրած երկրներից: Նաև նշել է այն երկրները, որտեղ վիճակի վատթարացում է նկատվում. «ԱՄՆ-ում վիճակը վատացել է: 2011-ից հետո առաջին անգամ այդ երկիրը դուրս մնաց առաջին քսանյակից: Հունգարիան և Թուրքիան ևս շարունակում են նահանջել, դա կապվում է նաև ժողովրդավարության նահանջի հետ: Թուրքան 10-12 միավոր կորցրեց վերջին երկու տարիների ընթացքում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---