Պարգևատրումների հարցով ՊԵԿ նախագահին կանչել են «Իմ քայլը» խմբակցություն

Պարգևատրումների հարցով ՊԵԿ նախագահին կանչել են «Իմ քայլը» խմբակցություն

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Այս տեղեկությունը հաստատել է նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին:

Օրակարգում է նաև ՊԵԿ պարգևատրումների հարցը:

«Պարգևավճարների հետ կապված հանրային արձագանքը մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս և գտնում ենք, որ պարզաբանման կարիք կա: Պետք է պարգևատրման հարցը մանրամասն ուսումնասիրել, բացել խնդիրը: Մենք մի կողմից ասում ենք, որ կա օրենք և օրենքի շրջանակներում գործողություններ են արվում, բայց մյուս կողմից մենք ունենք հանրային մեծ արձագանք»,-ասել է Մակունցը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս քննարկմանը նաև առաջ բերվի ՊԵԿ նախագահի փոփոխության հարցը՝ Լիլիթ Մակունցն ասել է. «Ցանկացած հարց, որ մենք բարձրաձայնում ենք, ինքնանպատակ չէ: Մենք, եթե ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ապա ուզում ենք, որ լուծում ստանա: Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, նման խնդիր այս պահին չենք դնում»:

Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության միայն դեկտեմբերին ստացել է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ և պարգևատրումներ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան՝ 8 մլն դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան՝ 9 մլն դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան՝ 6 մլն դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան՝ 2 մլն դրամ ,ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան՝ 6 մլն դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան՝ 1 մլն դրամ։

Ավելի ուշ ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Նշվել էր, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---