Նախագիծ. ՀՀ-ում խոշտանգում կատարած անձանց համար ներում և համաներում չի կիրառվի

Նախագիծ. ՀՀ-ում խոշտանգում կատարած  անձանց համար  ներում և համաներում չի կիրառվի

PanARMENIAN.Net - ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը կիրառելու արգելք կսահմանվի:

Նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում շրջանառության մեջ է դրել ՀՀարդարադատության նախարարությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից՝ նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում:

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքն ամրագրված է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքին առնչվող մի շարք միջազգային պայմանագրերում (որոնց կողմ է նաև Հայաստանի Հանրապետությունը) և ընկալվում է որպես ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունք՝ jus cogens նորմ, ինչը նշանակում է, որ այն պարտադիր է բոլոր պետությունների համար, եթե նույնիսկ այդ պետությունները չեն վավերացրել որևէ կոնկրետ պայմանագիր:

Միջազգային կամ ներպետական որևէ այլ կանոն չի կարող հակասել jus cogens սկզբունքին: Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարման մասին Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի պաշտպանությունից հետո, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, վերահաստատելով իր նախորդ հանձնարարականները, ընդգծել է խոշտանգում կամ դրան հավասարեցված հանցանքներ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, նրանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև այդ արարքների անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք սահմանելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---