Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկթագիծը

Ալավերդու պղնձաձուլականի  աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկթագիծը

PanARMENIAN.Net - Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկթագիծը: Նրանք պահանջում են չդադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը:

Պղնձաձուլարանի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն ասել է, որ վարչապետն այդպես էլ չի արձագանքել ալավերդցիների նամակին, ինչի պատճառով իրենք փակել են երկաթգիծը, հայտնում է ArmLur.am-ը:

Օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը դեռ չի արձագանքել ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին:

Արդյունքում հնարավոր չի լինի իրականացնել բեռնափոխադրումներ:

Կիրակոսյանը հայտնել է նաև, որ բողոքի ակցիային ներկա է նաև Ալավերդիի քաղաքապետ Սասուն Խեչումյանը:

«Մենք անգամ վրաններ ենք բերել մեզ հետ, մնալու ենք մինչև սպառիչ պատասխան ստանալը: Այս հարցին ի վերջո պետք է լուծում տրվի, թե ոչ: Չէ որ քաղաքն այսօր կանգնած է սոցիալական աղետի առաջ: Մարդիկ եկամտի աղբյուր չունեն, գումար չունեն, որ մի կտոր հաց վաստակեն»,- ասել է պղնձաձուլարանի աշխատակիցը:

2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։Ալավերդու պղնձաձուլարանն ունի 630 աշխատակից։

Ավելի վաղ բնապահպանական խախտումների համար 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են, սակայն արդյունքի մասին ոչինչ չի հայտարարվվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---