Զարդուշտ Ալիզադե. Արեւմուտքը ստիպեց Թուրքիային մերձեցման գնալ Հայաստանի հետ, կստիպի նաեւ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը չպետք է ողբերգություն սարքի հայ-թուրքական սահմանի բացման հարցից, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը: Այդ իրադարձությունը վաղ թե ուշ պետք է պատահեր: Ինձ համար հաճելի է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը հեռանում է ռոմանտիզմից եւ սկսում է իրատեսորեն նայել իրերին»,-ասել է Զարդուշտ Ալիզադեն` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը:



«Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե եթե սահմանը բացվի, Ադրբեջանը կզիջի Ղարաբաղը, կարող եմ ասել, որ դա սուտ է: Ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել Ադրբեջանի արդյունավետ քաղաքականության շնորհիվ: Ոչ ոք մեզանից բացի չի լուծի այդ հարցը»,-ասել է նա:



«Թուրքիան վաղուց պետք է բացեր բոլոր սահմանները Հայաստանի հետ, ստեղծեր բոլոր պայմանները նրա համար, քանի որ այդ դեպքում այդ երկրի տնտեսությունը վաղուց արդեն կախում կունենար ոչ թե ռուսական, այլ թուրքական կապիտալից: Այդ դեպքում Թուրքիան Հայաստանի, հայկական հասարակական կարծիքի եւ հայկական տնտեսության վրա ազդելու հզոր լծակ կունենար: Ես գտնում եմ, որ Թուրքիան հսկայական ռեսուրսներ ունի Հայաստանի վրա ազդելու համար: Ավելին, այդ հանգամանքը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Իրավիճակը տարածաշրջանում, եւ ընդհանուր առմամբ աշխարհում փոխվում է, միայն մեր իշխանությունները չեն ցանկանում դա տեսենլ: Աշխարհում ամեն ինչ չէ, որ նավթադոլարներն են լուծում: Երբեմն պետք է շուրջը նայել եւ իրատեսորեն գնահատել իրավիճակը: Արեւմուտքը ստիպեց Թուրքիային մերձեցման գնալ Հայաստանի հետ, կստիպի նաեւ Ադրբեջանին: Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը եւս կբացի իր սահմանները Հայաստանի հետ: Սակայն դրա համար հայերը եւս պետք է հրաժարվեն իրենց սխալ քաղաքականությունից եւ դադարել ապրել առասպելներով»,-նշել է Զ.Ալիզադեն, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---