Հարությունյանը Փաշինյանին առաջարկում է խոշոր պարտքեր վերցնել. Մինչև $22 մլրդ վերցնելու տեղ կա

Հարությունյանը  Փաշինյանին առաջարկում է խոշոր պարտքեր վերցնել. Մինչև  $22 մլրդ վերցնելու  տեղ կա

PanARMENIAN.Net - Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է տնտեսական խնդիրներին:

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակում «վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում է անընդունելի»:

«Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են և հաշվի չեն առնում տնտեսության զարգացման հնարավորություններն ու փորձված մեթոդները, ինչի հետևանքով կարող ենք հետ մնալ համաշխարհային տնտեսական զարգացման տեմպից: Մեր գլխավոր մարտահրավերը այս ճակատագրական ժամանակահատվածում տնտեսական աճի անհրաժեշտ մակարդակի շարունակական ապահովումն է, որով և պայմանավորված է մեր ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգային և ժողովրդագրական խնդիրների լուծումը», - գրել է Հարությունյանը:

Նա անդրադարձել է տնտեսական ներկա պատկերին և տնտեսական աճի այն նվազագույն նշաձողին, որը կապահովի առաջանցիկ զարգացման մակարդակ:

«Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ $10,000, իսկ ՀՀ-ում՝ մոտ $4000: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրի շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ $300-ով: Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն $300-ի չափով, ինչը նշանակում է ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ: Փաստացի սա այն նվազագույն աճի շեմն է, որը պետք է ամեն գնով ապահովենք, եթե չենք ուզում էլ ավելի հետ մնալ համաշխարհային զարգացման միտումներից», - նկատել է Հարությունյանը:

Նա նշել է, ըստ իրեն, աճի այսպիսի տեմպերի հասնելու միջոցները:

«Ճանապարհը մեկն է՝ ներդրումներ: Մեր հաշվարկներով՝ եթե ներկայիս ՀՆԱ-ի պարագայում այսօր ՀՀ-ին անհրաժեշտ է տարեկան մոտ $4 մլրդ-ի ներդրում, ապա 5-7 տարի հետո ներդրումային պահանջարկը կկազմի տարեկան $7-8 մլրդ: Մեր համոզմամբ՝ ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել այդ ծավալները: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական ռեսուրսներ պետական և այլ խողովակներով: Այստեղ խոսքն առավելապես փոխառու միջոցների ներգրավման մասին է», - գրել է Հարությունյանը:

Նա նշել է, որ պարտք վերցնելու առաջարկն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց ոլորտի համաշխարհային միտումների վերլուծությունը «թույլ է տալիս համոզվել այս մոտեցման ճշմարտացիության մեջ»:

«Ներկայումս ընդհանուր համաշխարհային պարտքը մոտ $250 տրիլիոն է, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318%-ը կամ մեկ շնչի հաշվով՝ $33,300: Ընդ որում, 2007 թվականին այն կազմել է $142 տրիլիոն՝ 269% ՀՆԱ-ի դեպքում, 2015 թվականին՝ $199 տրիլիոն կամ 286%: Վերջին 10-11 տարում այն ավելացել է $108 տրիլիոնով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ մոտ 50%-ով: Մինչդեռ երբ համաշխարհային այս ցուցանիշների հետ համադրում ենք ՀՀ ցուցանիշները, պատկերը զգալիորեն տարբերվում է։ Հայաստանի ընդհանուր պարտքը (պետության, տնային տնտեսությունների և առևտրային կազմակերպությունների մասով) կազմում է շուրջ $12-13 մլրդ, իսկ մեկ բնակչի հաշվով ներկայումս այն հավասար է մոտ $4000-ի, ինչը մոտ $29,000-ով պակաս է համաշխարհային միջինից: Եվ եթե համաշխարհային ընդհանուր՝ $250 տրիլիոն պարտքից մոտ $79 տրիլիոնը կազմում են երկրների պետական պարտքերը կամ 1 բնակչի հաշվով $10,000՝ կամ համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 100%-ը, ապա ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ $7 մլրդ կամ ՀՆԱ-ի մոտ 50 %-ը: Եթե համաշխարհային պետական պարտքը կազմում է ընդհանուր պարտքի մոտ 32%-ը, ապա ՀՀ-ում այն համարյա կեսն է։ Այսինքն այլ հատվածներում ունենք համեմատաբար ցածր պարտքային բեռ», - գրել է Հարությունյանը:

Նա համեմատել է մեկ շնչի հաշվով ՀՀ պետական պարտքը համաշխարհային միջինի հետ ( $10,000 – 2300$= $7700) և այն բազմապատկել է բնակչության թվաքանակով, արդյունքում ստանալով մոտ $22 մլրդ։

«Այսինքն, այս պահին ունենք այդքան լրացուցիչ պետական պարտքի հնարավորություն համաշխարհային միջինին հասնելու համար: Պետական պարտքից բացի, ընդհանուր վարկային բեռի ավելացման հնարավորությունը կազմում է մոտ $60 մլրդ (3 մլն բնակչություն x $20.000): Համաշխարհային պարտքի միջին ցուցանիշի և ՀՀ ընդհանուր պարտքի տարբերությունը կազմում է մոտ $90 մլրդ: Ստացվում է, որ եթե հաշվի առնենք նաև համաշխարհային պարտքի միջին չափի աճի միտումը, ապա 10-15 տարում ավելի քան $100 մլրդ լրացուցիչ գումար կարելի է ներդնել ՀՀ տնտեսության մեջ՝ հասնելու համար համաշխարհային միջինին: Ընդամենը 10-12 տարում $22 մլրդ պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՀ ՀՆԱ-ն կկազմի ավելի քան $45 մլրդ, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ $15,000», - հաշվարկել է Հարությունյանը:

Նա գրել է նաև պարտքի սպասարկման մասին:

«Եթե նկատի առնենք, որ $1 ՀՆԱ-ն տալիս է լրացուցիչ ավելի քան $0.2 հարկի տեսքով պետական եկամուտ, և այն, որ $1 պարտքի տարեկան սպասարկման չափը առավելագույնը կազմում է $0.07, իսկ հետագայում, համոզված եմ, ավելի ցածր, ապա պետական պարտքի սպասարկումն այդքան էլ խնդրահարույց չի դառնում (այսինքն՝ վճարել 7 ցենտ, ստանալ 20 ցենտ): Ավելին, այս հաշվարկի մեջ ներառված չէ պարտքով վերցրած գումարի ներդրման մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության վրա, ինչը հետագայում ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Հաջորդ հարցը ծրագրի հիմնավորումն է, որպեսզի ներդրումների ազդեցությունը լինի երկարատև և դինամիկ: Կա մի հստակ կանոն՝ պետության կողմից ներգրավված միջոցները պետք է ուղղել միայն ներդրումների՝ հիմնական կապիտալի տարրերի ավելացմանը, դրա հետ մեկտեղ մասնավոր հատվածի կողմից վարկերի ծավալների ավելացումը դարձնել կառավարելի և վերահսկվող: Այստեղ անհրաժեշտ է խորը և համակողմանի ուսումնասիրություն կատարել, բայց այն, որ գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքներում, շինարարությունում, վերամշակող արդյունաբերությունում և այլ ճյուղերում մեծ ներդրումային ներուժ կա, միանշանակ է: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի պետական պարտքի ավելացումից, ընդհանուր պարտքի մասով ևս զուգահեռաբար տեղի է ունենալու աճ, որի հիմնական մասը նույնպես դառնալու է ներդրում: Հատկապես, եթե պետական պարտքը օգտագործվի նախևառաջ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ապա կառաջանան ներդրումների ներգրավման լրացուցիչ խթաններ», - գրել է Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ այս վերլուծությամբ փորձ են անում կոտրել այն կարծրատիպը, որը ձևավորվել է պետական պարտքի և, ընդհանուր առմամբ, վարկային պարտավորությունների առնչությամբ։

«Պետք է հասկանալ, որ առանց լրացուցիչ խոշոր գումարների ներգրավման ու մեծ ներդրումային ծրագրերի անհնարին է լինելու դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Բանակի մարտունակության և ժողովրդագրական աճի հիմքում ընկած են տնտեսական աճի բարձր տեմպերը։ Իսկ դրանց ապահումը հնարավոր չէ առանց հավակնոտ և մեծածավալ ներդրումների: Արդյո՞ք այդ խնդիրների լուծման համար պարտք վերցնելուն այլընտրանք չկա: Ներքին խնայողությունների տարեկան աճի տեմպերը բավարար չեն: Ռուսաստանի վերջին տարիների տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով նվազել է մեր ներքին կապիտալի արտահոսքը, բայց դա չի նշանակում, որ այդ վիճակը կարող է երկար տևել: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա ՀՀ տնտեսության այսօրվա վիճակը և հնարավոր ուղղակի ներդրումների չափը չեն կարող ապահովել տնտեսական աճի ցանկալի տեմպեր: Պարտքի ավելացման տարբերակին պահպանողական (վախկոտ) ֆինանսիստները միշտ երկու հակափաստարկ են ներկայացնում՝ «փող տվող չկա» և «հիմնավոր ծրագրեր չկան»: Երկու հակափաստարկի պատասխաններն էլ միշտ կան՝ աշխարհում փողի ներգրավման հնարավորությունները զգալիորեն մեծացել են, պարզապես պետք է ճիշտ աղբյուրներ գտնել և արդյունավետ բանակցություններ վարել, իսկ թե որտեղ արդյունավետ ներդնել ներգրավված միջոցները, այդ խնդիրը կարելի է հեշտորեն լուծել արհեստավարժ աշխատանքի և համապատասխան վերլուծությունների միջոցով»- եզրափակել է Հարությունյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---