24 հուլիսի 2008 - 14:44 AMT
Բաքու. Ադրբեջանի ձեռք բերած զենքի ցուցակի հրապարակումը «Ռուսաստանի հայամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է»
Ռուսական մամուլում հրապարակված տեղեկությունները Ադրբեջանի ձեռք բերած զենքի մասին «չեն համապատասխանում իրականությանը», հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում այդ տեղեկությունները գնահատում են որպես Ռուսաստանի հայամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվություն: Նման հոդվածները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում: Հոդվածը միտված է ներկայացնելու Ադրբեջանը որպես ագրեսիվ պետություն»,-նշել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում, հաղորդում է 1news.az-ը:

Նշենք, որ ռուսական Moscow Defence Brief ամսագիրը հրապարակել է 2000-2007թթ. Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկայի ցուցակը: Ըստ անցյալ տարի ստորագրած պայմանագրի, 2008թ. Ադրբեջանը Արզամասի մեքենաշինական գործարանից կստանա մի քանի 90C տիպի զրահամեքենա եւ 70 80A տիպի զրահամեքենա: «Գաբալայի ՌԼԿ-ի վարձույթի վերաբերյալ պայմանագրում արտացոլվել է Ռուսաստանի օգնությունը Ադրբեջանին ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի արդիականացման, ՌԴ-ում ադրբեջանցի զինծառայողների ուսուցման ու ռազմատեխնիկայի վերանորոգման ոլորտներում: 2005թ. Թուրքիան 170 մլն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Այդ երկիրը ձեռք է բերել նաեւ հրաձգային զենք ու ժամանակակից միջոցներ ամերիկյան եւ իսրայելյան ֆիրմաներից: Նախատեսվում է ձեռք բերել նոր ռազմական ինքնաթիռներ: 2005թ. Ադրբեջանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի 12 ՄԻԳ-29, 2 ՄԻԳ-29ՈՒԲ եւ 12 Լ-39 ինքնաթիռների ձեռք բերման վերաբերյալ: Այդ ընթացքում Ադրբեջանը ձեռք բերեց 12 ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ինքնաթիռներ (ենթադրաբար, Չեխիայից) եւ 1 ՍՈՒ-27ՈՒԲ` Վրաստանից: Համաձայնություն կա նաեւ Ուկրաինայից ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ձեռք բերելու մասին: South African ATE Company Siper Hind MkIII Program ընկերությունը (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) արդիականացնում է Ադրբեջանի ՄԻ-24 մարտական ուղղաթիռները»: (ԱՊԱ):

Նշվում է, որ շուտով Ադրբեջանը Չինաստանից կգնի ՖՍ-1 թեթեւ կործանիչներ:

2002-2006թթ. Ադրբեջանը ձեռք է բերել Տ-72 տիպի 106 տանկ: Դրանցից 45-ը գնվել են Ուկրաինայից (2004-2006), 60-ը` Բելառուսից (2005-2006), 1-ը Չեխիայից (2002): 2005թ. Ադրբեջանը գնել է Ուկրաինայից 2 հետեւակի զրահամեքենա: Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են Ադրբեջանի ձեռք բերած ռազմատեխնիկայի ամբողջական ցուցակը: