Երևանում մոտ 440 չորացած և վթարային ծառ կհատվի

Երևանում մոտ 440 չորացած և վթարային ծառ կհատվի

PanARMENIAN.Net - Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Էտի աշխատանքները տարվում են ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում:

2018-ի աշնանն իրականացված գույքագրման համաձայն մայրաքաղաքում մոտ 440 չորացած և վթարային ծառ կա:Մասնագետների մոտեցումը հստակ է՝ գարնանային էտի շրջանակում դրանք կհատվեն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:

Չորացած, իրենց կենսունակությունը կորցրած և վթարային ծառեր կան նաև Մյասնիկյան պողոտայում: «Մյասնիկյան պողոտայում ունենք 10-ից ավելի սև բարդիներ, որոնք չորացած են և իրենց տարիքն ապրել են: Դրանք ամեն վայրկյան վտանգ են ներկայացնում հարակից շինությունների, երթևեկության և մարդկանց անվտանգության համար»,- նշել է Խաչիկ Հակոբյանը:

Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

«Եթե մենք թողնենք ծառի վրա չորացած ճյուղեր, այդ ծառը շատ կարճ կյանք կունենա: Մեր հիմնական նպատակը ոչ թե ծառը հատելն է կամ չորացնելը, այլ այն միշտ երիտասարդ պահելը: Ծառի էտման աշխատանքները չպետք է շփոթենք հատելու հետ: Պետք է վստահություն ստեղծենք բնակիչների մոտ, որպեսզի նրանք մեզ վստահեն և չմտածեն, որ եթե սղոցով մոտենում ենք ծառին, ուրեմն վնասում ենք», - ընդգծում է ծառագետ Գևորգ Սարոյանը:

«Շատ սերտորեն աշխատում ենք գիտական կենտրոնների հետ և էկոլոգիական առումով պետք է հաշվի առնենք էտման գործընթացից հետո պատշաճ խնամքը: Մոտավոր ոչինչ չի արվելու, ծառերը պետք է անձնագրավորվեն իրենց տեղով, դիրքով և տեսակով»,- նշում էԵրևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:

Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումը շուտով տեսանելի կլինի նաև Երևանում:

«Եթե այս պարագայում պետք է երկու կամ երեք բեռնատար կանգնի, որ ճյուղերը տեղափոխի, ապա մուլչավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա: Մեքենային կցված հատուկ սարք է լինելու, որը տեղում աղալու է ճյուղերը, և արդեն փոքրիկ պարկերով ավելի հարմար կլինի տեղափոխելը»,- նշել է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:

Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

«Ծառերն իրականում Երևան քաղաքում հիմնականում ծերացած են: Վերջին տարիներին տնկված ծառերը եղել են շատ բարակ, ոչ կենսունակ և ոչ պատշաճ ոռոգվող տարածքներում են տնկվել: Մենք պետք է հետևողական լինենք և արդեն այս տարի այնպիսի չափորոշիչներով ենք տնկիներ ընտրելու, որ լինեն ավելի կենսունակ: Դրանք կտնկվեն միայն ոռոգելի տարածքներում: Չորացած ծառերը հեռացնելու և նորերով փոխարինելու այս բարդ փուլը պիտի գիտակցաբար հաղթահարենք»,- ընդգծում է Խաչիկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---