Շենգավիթի նախկին ոստիկանապետն առարկել է «Սասնա ծռերին» համաներելուն

Շենգավիթի նախկին ոստիկանապետն առարկել է «Սասնա ծռերին» համաներելուն

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստում հարցաքննվել է գործով տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նա առարկել է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի, հայտնում է Panorama.am-ը:

Հովհաննիսյանն ասել է, որ խմբի անդամներից որևէ մեկին մինչ այդ դեպքերը չի ճանաչել։

«Կրակոցների ընթացքում ցավ զգացի որովայնիս շրջանում։ Տեսա, որ վիրավորվել եմ, արյունահոսում էի։ Ինձ մոտ էր Շենգավիթի ներկայիս ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանը։ Նա ասաց, որ ցավ է զգում, ձեռքս տարա, տեսա ինքն էլ է վիրավորվել, արյունահոսում է։ Դրանից հետո ինձ տեղափոխել էին «Մուրացանի» հիվանդանոց, որտեղ վիրահատվել եմ, մի քանի օր ստացիոնար բուժում եմ ստացել, դրանից հետո բուժումները շարունակել եմ տանը։ Մոտ 1,5 ամիս անց կրկին դուրս եմ եկել ծառայության»,- պատմել է նա։

Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու դեմ էին արտահայտվել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նաև նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման որոշումը 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա չի տարածվի «անգամ մեկ առարկության դեպքում»:

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---