ՌԴ ԱԳՆ. Իրավիճակը վրաց-օսական հակամարտության գոտում պայթյունավտանգ է մնում

PanARMENIAN.Net - Իրավիճակը վրաց-օսական հակամարտության գոտում, որ կտրուկ սրվեց օգոստոսի 1-2-ին մարդկային զոհերի պատճառ դարձած Ցխինվալի բնակելի թաղամասերի հրետանային գնդակոծությունից հետո, շարունակում է պայթյունավտանգ մնալ: Լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիքը Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ գնալով իրական է դառնում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Հարավային Օսեթիայի իրավիճակի մասին հայտարարության մեջ:



«Լարվածությունը մեղմացնելու նպատակով շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վրաց ղեկավարության տարբեր հայտարարություններին հակառակ, Թբիլիսիի իրական գործողությունները հերքում են այդ հայտարարությունները: Օգոստոսի 2-ի երեկոյան եւ օգոստոսի լույս 3-ի գիշերը Վրաստանը բացահայտ զինվորական զորավարժություններ է անցկացրել Ցխինվալի մերձակայքում, ուժեր է կուտակել եւ ծանր զրահատեխնիկա վրաց-օսական հակամարտության գոտում: Ռուսական կողմը կրկին լուրջ տագնապ է հնչեցնում Հարավային Օսեթիայում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Մենք համառ ջանքեր ենք ձեռնարկում դիվանագիտական եւ Հակամարտության գոտում խաղաղության պահպանման խառը ուժերի գծով` կանխելու համար ռազմական դիմակայության թեժացումը, նոր զոհերից խուսափելու, իրավիճակը վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում:



ՌԴ ԱԳՆ-ն չափազանց կարեւոր է համարում բանակցությունների վերսկսումը Խառը վերահսկողական հանձնաժողովի ձեւաչափում, ինչպես նաեւ կողմերի շտապ աշխատանքային հանդիպումների անցկացումը: «Խառը հանձնաժողովը ցրելու վրացական կողմի ծրագիրը այս պայմաններում հակաարդյունավետ է եւ վտանգավոր: Առավել հստակ եւ ակտիվ դիրքորոշում պետք է որդեգրի ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանում: Առաջնային է մնում ռազմական գործողությունները չվերսկսելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Այդ փաստաթղթով պարտավորությունների ստանձնումը թույլ կտար նվազեցնել պատերազմի վտանգը: ՌԴ ԱԳՆ-ն առավելագույն զսպվածության կոչ է անում կողմերին: ՌԴ-ն հետագայում եւս միջոցներ կձեռնարկի փոխընդունելի խաղաղ լուծումներ գտնելու համար: Ուժային սցենարները վերջնականապես կփլուզեն վրաց-օսական հակամարտության կարգավորման հույսերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---