Սաբինա Ֆրեյզերն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահին փոխարինել ԵԽ ներկայացուցչով

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նպատակահարմար է գտնում Եվրախորհրդով փոխարինել Ֆրանսիային, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է: «ԵԽ-ն կարող է մեծ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի ներսում եւ շուրջը տիրող լարվածությունը մեղմելու հարցում: Երբ ավարտվի ԵԽ այժմյան ներկայացուցչի նախագահությունը, ես խորհուրդ կտայի Մինսկի խմբում ֆրանսիական դիրքերը հանձնել ԵԽ ներկայացուցչին»,-ասել է Սաբինա Ֆրեյզերը:



Ֆրեյզերի կարծիքով, Մինսկի խմբում լավագույն տարբերակը կլինի, եթե երեք ներկայացուցիչ բարձր մակարդակի քաղաքական գործիչներ լինեն, «եթե մենք հաշվարկում ենք, որ նրանք որեւէ ազդեցություն են ունենալու գործընթացի վրա»: Բայց, մյուս կողմից, փորձագետը գտնում է, որ իմաստ չունի սպասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դրսից կիրականացվի: «Ադրբեջանն ու Հայաստանը, նրանց քաղաքական ղեկավարությունը եւ ժողովուրդը, վերջին հաշվով, պետք է փոխզիջման համաձայնեն: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ նրանք այն եզրակացությանը գան, որ փոխզիջումը ռազմական գործողություններից գերադասելի է»,-ասել էր նա:



Ֆրեյզերի խոսքերով, խնդրի լուծման այժմյան բանաձեւը, որը կողմերի տրամադրության տակ է, բոլոր հնարավորներից լավագույնն է: «Դա յոթ օկուպացված շրջանների վերադարձն է Լեռնային Ղարաբաղին, զորքերի լիակատար դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, փախստականների վերադարձը բոլոր շրջաններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ, իրադրության կարգավորումը, ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումը այնքան ժամանակ, մինչեւ որ բոլոր մարդիկ կկարողանան լիարժեք մասնակցել ժողովրդավարական գործընթացին: Եվ միայն այն բանից հետո, երբ կսկսվի զորքերի դուրսբերումն ու փախստականների վերադարձը, բանակցությունների ընթացքի փակուղին կլուծարվի եւ լարվածությունը կնվազի»,- ավելացրել է նա, հաղորդում է Trend News ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---