ՌՀՄ. Նրանից, որ Գյուլը Երեւանում ֆուտբոլ կդիտի, հայերի շահերը չեն տուժի

PanARMENIAN.Net - «Հայկական սփյուռքը հաշվվում է շուրջ 8 միլիոն մարդ, իսկ մեզ` հայերիս, ինչպես եւ շատ ուրիշ ազգերի մոտ, որքան մարդ, այնքան կարծիք: Բնականաբար այդ կարծիքները ոչ միշտ ունեն տրամաբանական բացատրություն: Այդ իսկ պատճառով չեմ խոսի ողջ սփյուռքի անունից, այլ կասեմ իմ եւ իմ ընկերների` համախոհների անունից: Մենք ճիշտ ենք գտնում Թուրքիայի նախագահին հրավիրելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Դա բարի կամքի նշան է եւ Հայաստանի` հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման վկայություն: Նրանից, որ Գյուլը Երեւանում ֆուտբոլ կդիտի, հայերի շահերը չեն տուժի»,-հայտնել է Ռուսաստանի հայերի միության(ՌՀՄ) փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նրա խոսքերով, կարեւոր է, թե ինչպես նա իրեն կդրսեւորի հետագայում` արդյոք նա օրակարգից կհանի իր վերջնագրերը, թե կպնդի դրանք: «Եւ առաջին, եւ երկրորդ դեպքում հայկական կողմը կշահի: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին... Ավելի քան հարյուր ամերիկյան կոնգրեսականներ հանդես են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի` հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման օգտին: Այդ իսկ մասին միանշանակ հայտարարություն արեց դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու Բարակ Օբաման: Միաժամանակ, Թուրքիան ԱՄՆ-ի ամենակարեւոր ռազմա-քաղաքական դաշնակիցներից մեկն է: Դրանից ելնելով` բնական է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն եւ դրան դիվանագիտական ջանքեր է գործադրում: Սակայն այդ ուղղությամբ իրական արդյունքների հասնելու համար պահանջվում է համոզել Թուրքիային, ինչպես ասում է գլխավոր քարտուղարի տեղակալը, «ճանաչել իր պատմության ծանր էջերը», իսկ դա հավասարազոր է այն բանին, որ Թուրքիային ստիպեն հրաժարվել Հայաստանի նկատմամբ հարձակողական քաղաքականությանը նպաստելուց: Մենք դեռեւս չենք նկատում, որ ԱՄՆ-ին հաջողվել է որեւէ արդյունքի հասնել եւ համոզել պանթյուրքիստներին իրենց ազգային գաղափարից` եղբայրական Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ընդհանուր սահմաններ հաստատելուց հրաժարվելու անհրաժեշտության մեջ: Իսկ առանց դրա անգամ նման գերտերության ցանկացած ջանքերը անարդյունավետ են լինելու»,- ընդգծել է Խալաթյանը:



ՌՀՄ փոխնախագահը գտնում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում միշտ էլ պրագմատիկ քաղաքականություն է վարել այնպես, ինչպես ինքն է հասկացել: «Ցավոք սրտի, իմ կարծիքով, շատ հարցերում այդպիսի քաղաքականությունը կոնյուկտուրային է, կարճաժամկետ շահույթի բնույթ է կրում, եւ ոչ թե հետապնդում մեծ գերտերության երկարաժամկետ ռազմավարական շահեր: Այնուամենայնիվ, Թուրքիայի նկատմամբ իր զուսպ վերաբերմունքը նա արտահայտում է Հայաստանում իր սահմանապահների եւ ռազմական բազայի առկայությամբ»,- ասել էր նա, հաղորդում է «Ֆրատ» (ANF)քրդական լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---