ՄԱԿ-ը մտահոգված է ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնության սպառնալիքներով

ՄԱԿ-ը մտահոգված է  ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնության սպառնալիքներով

PanARMENIAN.Net - ՄԱԿ հայաստանյան գրասենյակը ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի շուրջ աղմուկ բարձրացրած թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ-ի ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:

«Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը», - նշված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏ-ի համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը և նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին:

«Խտրականության դեմ և հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ և այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար», - նշված է հայտարարության մեջ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները նույնպես հայտարարություն են տարածել ԼԳԲՏ համայնքի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ խորապես մտահոգված են այդ դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել:

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարությանը:

«ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ: Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ», - նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---