Վանեցյան. Անանուն հանդես գալու իրավունք օգտատերն ունի

Վանեցյան. Անանուն հանդես գալու իրավունք օգտատերն ունի

PanARMENIAN.Net - Օգտատերերը կարող են հանդես գալ անանուն, դա իրենց իրավունքներից մեկն է։ Այդ մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է Բարձրագույն դատական խորհուրդի մեկամյակի միջոցառմանը՝ չպատասխանելով կալանավորված կեղծ օգտատիրոջ մասին լրագրողների հարցերին:

«Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի։ Այլ բան է, երբ այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, համացանցում ու հասարակության մեջ տարածում է հանցակազմ պարունակող տեղեկություններ»,-ասել է Վանեցյանը, հայտնում է Panorama.am-ը։

Այն հարցին, թե ինչու հենց վարչապետի հանձնարարականից հետո ձերբակալվեց կեղծ օգտատերը՝ Վանեցյանը պատասխանել է, որ մեծ աշխատանք էր պահանջվում։

«Իշխանությանն այսօր քննադատում են հազարավոր ֆեյք էջեր։ Բայց դա չի նշանակում, որ մենք կձերբակալենք»,-ասել է նա։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ, նույնպես ասել էր, որ անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը:

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ:«Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---