Քոչարյանի փաստաբան. Քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է

Քոչարյանի փաստաբան. Քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ հրապարակելով Քոչարյանի նկատմամբ հարուցվածք գործի նյութերից ու դատավարության ընթացքից:

«Ամիսներ շարունակ քննիչը, երբ ուզում էր հիմնավորել, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ, դատարան բերում էր ընդամենը մեկ ցուցմունք՝ Արշակ Կարապետյանինը»,-ասել է Հայկ Ալումյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, այդ մեկ ցուցմունքի հիման վրա քննիչը փորձել է դատարանին համոզել, որ հաջորդ օրվանից արտակարգ դրություն է հայտարարել։ «Մի կողմ թողնենք, թե ինչ աստիճանի անհեթեթութուն է այդ ցուցմունքի մեջ գրված, քանի որ բոլորս գիտենք, որ փետրվարի 24-ին Հայաստանում արտակարգ դրություն չի եղել, դրա էլեմենտներից որևէ մեկը գոնե մասամբ չի եղել։ Բայց քննիչն այդ մի ցուցմունքը վերցրած, անընդհատ եկել է դատարան, դատարանն էլ դրա հիման վրա որոշել է, որ այո, կա հիմնավոր կասկած։ Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանում ենք, տեսնում ենք, որ նույն խորհրդակցությանը մասնակցած 12 անձ, յուրաքանչյուրը պնդում է, որ նման բան չի եղել։ Քննիչը դատարանից թաքցնում է այդ 12 հոգու ցուցմունքը, և բերում է ընդամենը մի հոգու ցուցմունք, որպեսզի կարողանա հասնել պարոն Քոչարյանի կալանավորմանը»,-նկարագրել է Ալումյանը՝ հիշեցնելով, որ նախաքննության ընթացքում իրենք գործի նյութերից տեղյակ չեն եղել։

«Իսկ ո՞վ ասաց, որ ցուցմունք թաքցնելն ավելի լավ բան է, քան պարկուճ փոխելը։ Քրեական գործի նյութերին ծանոթանալով մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են գործադրված իրենց համար մի գերնպատակի հասնելու համար։ Իսկ իրենց գերնպատակն է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ հնարավորին չափ երկար»,-ընդգծել է նա։

Փաստաբանի գնահատմամբ, մեղադրանքը շարադրված է այնպես, որ ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչ է ասում քննիչը, նա մի դրվագ է ներկայացրել։ «Ասում է՝ ճնշում է գործադրել ՍԴ դատավորների նկատմամբ։ Չի ասում, թե որ դատավորների նկատմամբ, չի ասում, թե ճնշումն ինչպես է արտահայտվել։ Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չէ»,-հայտարարել է պաշտպանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը մերժվել է:

Ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---