Պատգամավորը՝ Փաշինյանին. Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը

Պատգամավորը՝ Փաշինյանին. Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու հետ կապված միջադեպին:

«Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ...

Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից... Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ու՞ր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը...

Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից...

Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և՚ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման...», - ասվում է պատգամավորի նամակում։

Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---